Zark Foundation

Անրի Վեռնոյ

Անրի Վեռնոյ

Կինոռեժիսոր

15 հոկտեմբեր, 1920 - 11 հունվար, 2002

Աշոտ Մալաքյան
Ծնվել է Թուքիայի Ռոդոսթո քաղաքում: 1924թ. ծնողների հետ տեղափոխվել է Ֆրանսիայի Մարսել քաղաք` միանալով Հայոց Մեծ եղեռնից մազապուրծ հազարավոր հայ ընտանիքներին: Էքս-ան-Պրովանսի ֆրանսիական լիցեյն ավարտելուց հետո, անցել է լրագրողական գործունեության: 1944-46թթ եղել է «Հորիզոն» հանդեսի գլխավոր խմբագիրը: 1945թ. Անրի Վեռնոյ կեղծանունով Հայ Դատի վերաբերյալ հոդվածաշար է հրապարակել «Մարսելյեզ» թերթում: 1948թ-ից աշխատել է կինոյում, եղել է ռեժիսորի ասիստենտ, ապա` բեմադրող ռեժիսոր: Նկարահանել է շուրջ 20 կարճամետրաժ կինոնկար, որոնց մի մասը հռչակավոր կատակերգու Ֆեռնանդելի մասնակցությամբ: 1948թ. նկարահանել է իր առաջին ֆիլմը` «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին): Առաջին լիամետրաժ` «Սեղան մեռածների համար» (1951թ., ըստ Մարսել Էմեի) կինոնկարով դասվել է Ֆրանսիայի լավագույն ռեժիսորների շարքը: Հոլիվուդը պայմանագրեր է կնքել նրա հետ: Ժան Գաբենի, Ալեն Դելոնի, Ժան-Պոլ Բելմոնդոյի, Օմար Շարիֆի, Էնթոնի Քուինի, Հենրի Ֆոնդայի, Իվ Մոնտանի և այլոց համագործակցությամբ ավելի քան 60 կինոնկար է նկարահանել: Լավագույններից են` «Արգելված պտուղ» (1952թ.), «Կառնավալ» (1953թ.), «Կովը և զինվորը» (1959թ.), «Նախագահը» (1961թ.), «Ճակատամարտ Սեն Սեբաստիանում» (1968թ.), «Սարսափ քաղաքում» (1975թ.), «Հազար միլիարդ դոլար» (1982թ.) և այլն: 1980թ. այցելել է Հայաստան: 1988թ. Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար, Հայաստան» երգի (տեքստը` Շառլ Ազնավուրի, երաժշտությունը` Ջորջ Կառվարենցի) տեսահոլովակի ռեժիսորն է: Հայկական թեմային անդրադարձել է վերջին երկու` «Մայրիկ» (ըստ իր «Մայրիկ» վեպի, նաև սցենարի հեղինակն է) և «Պարադի փողոց, տուն 588» (երկուսն էլ` 1991թ.) կինոնկարներում, որտեղ ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը: Եղել է Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ: 1954թ. «Հնգոտանի ոչխարը» ֆիլմի համար արժանացել է Լոկառնոյի փառատոնի գլխավոր, 1956թ. «Այսպիսի տարբեր ճակատագրեր» ֆիլմի սցենարի համար` «Օսկար», 1964թ. «Հարյուր հազար դոլար արևի տակ» ֆիլմի համար` Կաննի «Ոսկե արմավենու ճյուղ», 1996թ. կինոյում ունեցած ներդրման համար` Ֆրանսիայի «Սեզար» մրցանակների: Պարգևատրվել է նաև Հայ եկեղեցու «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» 1-ին աստիճանի շքանշանով (1980թ.): Մահացել է Ֆրանսիայի Բանյոլե քաղաքում: