Ծնվել է ՀՀ Շահրիգ (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան) գյուղում։ 1937թ-ից աշխատել է որպես ուսուցիչ Հրազդանի շրջանի դպրոցներում, վարել նաև ուսմասվարի և տնօրենի պաշտոններ։ Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ 1948թ. պաշտպանել է դիսերտացիա և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան, 1943թ-ից մինչև մահը դասախոսել է նույն ինստիտուտում։ 1950-59թթ պաշտոնավարել է ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտում իբրև բաժնի վարիչ, իսկ 1960թ-ից եղել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի վարիչը։ Վարել է ժամանակակից հայոց լեզու, գրաբար, լեզվաբանության ներածություն բուհական դասընթացները։ Ուշագրավ ներդրում ունի հայերենի, մասնավորապես արդի գրական լեզվի բայակազմության, բայական կարգերի ձևաբանական հատկությունների քննության բնագավառում։ Գրաբարի նրա կազմած ձեռնարկը ակնհայտորեն նպաստել է հին գրական հայերենի ուսուցման գործին։ Հանդես է եկել բազմաթիվ արժեքավոր հոդվածներով, որոնց մեջ անդրադարձել է հայերենի պատմական հնչյունաբանության, բառաքննության խնդիրներին, լեզվի ավանդման գիտամեթոդական խնդիրների և այլն։ «Հայերենի դերբայները և նրանց ձևաբանական նշանակությունը» (1953թ.) աշխատության մեջ պատմական տեսանկյունից քննված են դերբայները, բացահայտված նրանց ձևաբանական կառուցվածքը և ընդհանուր պատկերը հայոց լեզվի բոլոր փուլերում, իսկ «Բայը ժամանակակից հայերենում» մենագրության 1-ին գրքում (1962թ.) ցույց են տրված բայի, որպես խոսքի մասի, բնորոշ գծերը, բառային-քերականական առանձնահատկությունները, սեռի քերականական կարգի էությունը և այլն։ Գրել է «Գրաբարի ձեռնարկ» աշխատությունը (1952թ.)։ Աշխարհաբարի է վերածել Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ը (1970թ.) և Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն»-ը։ 1963թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1964թ-ից՝ պրոֆեսոր): 1977թ-ից եղել է ՀՀ ԳԱ թղթակից անդամ: Տարբեր տարիների և տարբեր առիթներով հոդվածներ է նվիրել արվեստի ու գրականության երևելի դեմքերին՝ Մարտիրոս Սարյանին, Առնո Բաբաջանյանին, Մուշեղ Գալշոյանին և ուրիշների։ Երիտասարդ տարիներին գրել է բանաստեղծություններ։ 1965թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 1981թ.՝ ՀՀ ԳԱ Վաստակագրի: Պարգևատրվել է նաև Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով և մեդալներով, Գերագույն սովետի մի քանի պատվոգրով։ Մահացել է Երևանում: