Zark Foundation

Աշոտ Ավդալյան

Աշոտ Ավդալյան

Բանաստեղծ

2 հունվար, 1948 - 9 փետրվար, 1985

Ծնվել է ՀՀ Ջաջուռ գյուղում։ 1954թ. զրկվել է հորից, որից հետո մայրը տեղափոխվել է Լենինական (այժմ՝ Գյումրի)։ Մանկությունն անցել է հայրենի գյուղում` տատի և պապի մոտ, որտեղ և ավարտել է դպրոցը ու տեղափոխվել Լենինական: 1965-70թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղում: 1971-72թթ որպես ինժեներ-կոնստրուկտոր աշխատել է Լենինականի հղկող հաստոցների գործարանում, 1974-75թթ` նույն գործարանին առընթեր թիվ 7 պրոֆտեխնիկական ուսումնարանում` որպես մանկավարժ։ 1976-77թթ եղել է Ջաջուռ գյուղի Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի տնօրենը։ 1978թ. տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել հուշարձանների պահպանության կոմիտեի նախագծային գրասենյակում։ 1982-83թթ աշխատել է «Պիոներ Կանչ» թերթի խմբագրությունում: 1970թ-ից սկսել է ստեղծագործել։ Լավ ծանոթ է եղել ժողավրդական բանահյուսությանը, ոսկեդարյան պատմիչներին, միջնադարյան գրականությանը, հայ դասականներին, նաև ռուս և համաշխարհային գրականությանը։ 1973թ. «Բանվոր» թերթում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը` «Մենք աղոթում էինք» վերնագրով։ 1972-73թթ ստեղծվել են «Օրհնություն արևին», «Նավասարդ» բանաստեղծական շարքը, «Նարեկ», «Տիեզերք», «Ձայն փորձություն», «Տվնջյան կորուստ», «Ռեքվիեմ» պոեմները։ Մինաս ԱվետիսյանըԱշոտի ստեղծագործությունները ներկայացրել է Գևորգ Էմինին, Ռազմիկ Դավոյանին, որոնց օգնությամբ 1975թ. «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվել է «Օրհնություն արևին» շարքը։ 1976-80թթ բանաստեղծությունները տպագրվել են «Բանվոր», «Ավանգարդ» թերթերում։ 1980թ. լույս է տեսել «Նավասարդ» բանաստեղծությունների ժողովածուն։ 1984թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Նույն թվականին լույս է տեսել «Արծաթե օր» ժողովածուն։ Կյանքի վերջին րոպեներին բանաստեղծի դեմքը և, հատկապես, աչքերը զարամանալիորեն նմանվել են Մինաս Ավետիսյանի` տարիներ առաջ վրձնած դիմանկարին։ Բանաստեղծի մահից հետո լույս է տեսել «Երկրատես» (1988թ.) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն, «Կյաքից դեպի կյանք» (1997թ.), «Հիշատակի զարդատուփ» (2005թ.) ժողովածուները: Մահացել է Լենինականում (այժմ՝ Գյումրի)։