Ծնվել է 1968թ. օգոստոսի 1-ին, Ստեփանակերտում: Բանաստեղծ, գրող, լրագրող Էռնեստ Բեգլարյանիորդին է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը` գրականագետի մասնագիտությամբ: Տպագրվել է 19 տարեկան հասակից: Նրա պատմվածքներն ու ակնարկները հրապարակվել են գրական, հասարակական-քաղաքական հրատարակություններում և ինտերնետ-կայքէջերում Ստեփանակերտում, Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Նովոչերկեսկում, Նիժնի Նովգորոդում, Տոմսկում և ռուսաստանյան այլ քաղաքներում, Աբխազիայում, Վրաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Բելոռուսիայում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (Լոնդոն), ՌՕՈՒ համաշխարհային ծառայության կայքէջերում և այլն: «Մեծ Ուխտավորը` Երիտասարդներին» միջազգային հիմնադրամի կազմակերպած գրական մրցույթում երկրորդ տեղը գրավելու համար 2006թ. նրան շնորհվել է հիմնադրամի մագիստրոսի կոչում: 2010թ. վերստին դարձել է նշված հիմնադրամի երկրորդ մրցանակակիր: 2008թ. պարգևատրվել է ԶԼՄ-ների միջև «Կարմադ, Ամիգո, Շուրավի» համաուկրաինական բաց մրցույթի հատուկ դիպլոմով: Գրողի «Տունը, որը կրակում էր» պատմվածքի մոտիվներով 2009թ. նկարահանվել է Լեռնային Ղարաբաղում առաջին խաղարկային ֆիլմը: Տարբեր տարիների աշխատել է «Գոլոս Արմենիի», «Նովոյե վրեմյա» երևանյան թերթերի, «Սնարք» և «ԱրմԻնֆո» հայկական լրատվական գործակալությունների, բրիտանական Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի, ՌԴ Պետդումայի պատգամավորների համար «Կավկազսկի էքսպերտ» հանդեսի թղթակից և այլն: Հանդիսանում է «Ռեգնում» ռուսաստանյան դաշնային լրատվական գործակալության թղթակիցը Ստեփանակերտում: Անդամակցում է Լեռնային Ղարաբաղի ժուռնալիստների միությանը, Ստեփանակերտի մամլո ակումբին, «Հարավային Կովկաս» միջազգային ասոցիացիային, Ռազմաճակատային լրագրողների լիգային, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի գրողների միություններին, 2015թ-ից՝ Ռուսաստանյան գրողների միությանը: 1998թ-ից եղել է նաև ԼՂ արտաքին գործերի նախարարության լրատվական-վերլուծական վարչության աշխատակից: 2004թ. լույս է տեսել նրա պատմվածքների և վիպակների «Ուրիշի հաշիվը» ժողովածուն, որի մեջ են մտել հիմնականում պատերազմական թեմայով ստեղծագործությունները: 2007թ. հրատարակվել է հումանստական, սատիրիկ և պատերազմական պատմվածքների «Ապտակ» ժողովածուն, իսկ 2010թ.՝ վիպակների և պատմվածքների «Աստղային տղան» ժողովածուն: Մասնակցել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը, ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում ծանր վիրավորվել է: 2013թ-ից եղել է Լեռնային Ղարաբաղի նախագահի օգնականը: Հրատարակվել են նաև նրա «Սովորական հերոսներ» (2014թ.), «Ձմեռ պապ» (2014թ.), «Պատերազմը ազգանուններ չի հարցնում» (2015թ.), «Ղարաբաղյան օրագիր» (2015թ.), «Արծիվ» (2015թ.), «Կյանքի ծարավը» (2017թ.), «Հաղթահարում» (2018թ.) երկերը: 2006թ. պարգևատրվել է ԼՂ և Հայաստանի «Մարտական ծառայությունների համար» մեդալներով, 2007թ.՝ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալով, ինչպես նաև զինվորական, լրագրական ու գրական գործունեության համար զանազան պատվոգրերով ու դիպլոմներով, 2018թ.՝ «Մավլանա Ռումի» ռուս-իրանական ընկերության հուշամեդալի և ԼՂ վաստակավոր լրագրողի կոչման: