Ծնվել է Թիֆլիսում։ 1925թ. ավարտել է տեղի 76-րդ դպրոցը, 1938թ.՝ Թիֆլիսի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1939թ.՝ նույն համալսարանի պատմության ֆակուլտետը (հեռակա)։ 1925-28թթ ուսուցչություն է արել Հայաստանի Գորիսի շրջանի Խնձորեսկ և Քարաշեն գյուղերում։ 1928-38թթ եղել է Թիֆլիսի 93-րդ դպրոցի տնօրենը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1930-60թթ մանկավարժական աշխատանքին զուգընթաց աշխատել է Թբիլիսիի «Պրոլետար», հետագայում՝ «Սովետական Վրաստան» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար և խմբագրի տեղակալ։ 1960-64թթ եղել է ՀԽՍՀ Հոկտեմբերյան հեղափոխության և սոցշինարարության պետական կենտրոնական արխիվի պետը, ապա՝ «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի պատասխանատու քարտուղարը, 1966-75թթ՝ «Սովետական գրականություն» ամսագրի պատասխանատու քարտուղարը։ Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1923թ., «Կարմիր ծիլեր» ամսագրում։ Հրատարակվել են նրա «Հայրենասիրության թեման հայ գրականության մեջ 5-20-րդ դարերում» (1944թ.), «Ծերուն Թորգոմյան, գրական գործունեության 40-ամյակի առթիվ» (1956թ.), «Գրական և թատերական դեմքեր» (1958թ.), «Իսահակ Ալիխանյան։ Մամուլի և հուշագրերի գնահատմամբ» (1958թ.), «Փառապանծ ուղի» (1958թ., Թբիլիսիի պետական հայկական թատրոնի 100-ամյակի առթիվ) աշխատությունները: Մահացել է Երևանում: