Zark Foundation

Աշոտ Պատմագրյան

Աշոտ Պատմագրյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

20 ապրիլ, 1898 - 28 ապրիլ, 1981

Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում։ Երկու տարեկան հասակում կորցրել է հորը և մնացել երեք եղբայրների և երեք քույրերի հետ։ Շուտով նրան տեղավորել են կաթոլիկների Սեն Վենսան Դը Պոլ միաբանության դպրոցում։ 3-4 տարի հետո տեղափոխվել է Արամյան դպրոց, որը համարվում էր Պարսկաստանի հայկական առաջին կրթական հաստատություններից մեկը։ Դեռևս Արամյան դպրոցում ուսանելու տարիներին նա կապվել է Հայ եկեղեցուն՝ որպես մոմակալ, փոխասաց, խմբավար: 1912թ. ավարտել է Արամյան դպրոցը, 1913թ. ընդունվել Էջմիածնի Գևորգյան ճեմարան: Ուսումնառության առաջին ամիսներին իրենց 41 աշակերտներից բաղկացած դասարանի ձայնեղ տղաների ուժերով ստեղծել է երգչախումբ և երգիչներին ուսուցանել է Թավրիզում սովորած խմբերգերը: Մեկ տարի անց ճեմարանի զանազան դասարաններում սովորող նվագողներից ստեղծել է նաև նվագախումբ: 1921թ. մեկնել է Գերմանիա, ուսումնառությունը շարունակել Բեռլինի Շթերնշես մասնավոր կոնսերվատորիայում՝ զուգահեռաբար ուսանելով Ֆրիդրիխ-Վիլհելմ համալսարանի փիլիսոփայության և արվեստի պատմության ֆակուլտետում։ Ընդգրկվել է Բեռլինի կոնսերվատորիայի բարձր կուրսեցիներից կազմած երգչախմբի կազմում։ Առաջին իսկ ստեղծագործության՝ Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներր ըստ Մատթեոսի» պասսիոնի ազդեցության տակ հետագայում գրել է հայ եկեղեցական շարականներից հյուսված «Հայկական օրատորիան»՝ նկատի ունենալով միևնույն կազմը՝ երգչախումբ, նվագախումբ, մենակատարներ, երգեհոն: Ուսումնառությունն ավարտելով՝ նվիրվել է հայ երաժշտության ուսումնասիրության և տարածման գործին, համերգներով ու դասախոսություններով հանդես եկել հայ գաղթավայրերում՝ Փարիզ, Թավրիզ, Թեհրան, Կահիրե, Ալեքսանդրիա, Բաղդադ, Հալեպ, Հյուսիսային Ամերիկայի զանազան քաղաքներ՝ Նյու Յորք, Դետրոյտ, Լոս-Անջելես: 1927թ. Փարիզում կազմակերպել է «Գուսան» երգչախումբը, որը համերգներով հանդես է եկել 1933թ. Թեհրանում, 1937թ.՝ Բաղդադում։ Հեղինակել է մեներգեր, ռոմանսներ («Իմ գարուն», «Օրոր», «Սիրտս», «Փափագ», «Ցնորք», «Սիրերգ» և այլն), խմբերգեր, դաշնամուրային սյուիտ, «Հայկական օրատորիան», մանկական փոքրիկ օպերաներ՝ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» և «Տերն ու ծառան» երկերի հիման վրա։ Մեծ է եղել նրա ներդրումը հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդման գործում։ 1937թ. Ալեքսանդրիայում հրատարակվել է նրա «Երաժշտարանը», որը տարածվել է նաև Կահիրեում, Բեյրութում, Երուսաղեմում: Տարիներ անց, երբ նա դասախոսել է Թեհրանի կոնսերվատորիայում, կրթության նախարարության որոշմամբ «Երաժշտարանը» թարգմանվել է պարսկերեն, հրատարակվել է «Նաղմենամե» վերնագրով, և որպես սոլֆեջիոյի դասագիրք, գործածվել դպրոցներում։ Հայ երաժշտական-բանահյուսական գրականության մեջ կարևոր տեղ են գրավել «Գանձարան հայ երգերու» յոթ պրակները, որոնք լույս են տեսել Կահիրեում։ Այդ պրակներուն ընդգրկված են ազգային հեղափոխական, ժողովրդական, սիրային, կրոնական, դպրոցական և Հայաստանյան երգերի առավելագույն մասը։ 1937թ. Բեյրութում լույս է տեսել նրա «Հայ երգը դարերի միջից» երաժշտական հանրագիտարանը՝ հայ ժողովրդական, աշուղագուսանական, եկեղեցական և քաղաքային երգերին նվիրված շքեղատիպ հատորը։ Բեյրութահայ մամուլը «Այգ», «Արարատ», «Երիտասարդ հայ», «Կանչ», «Հայկազյան տարեգիրք», «Հասկ», «Նաիրի», «Շիրակ», «Սփյուռք» ընդարձակ հատվածներ են արտատպել գրքից և ջերմ գրախոսականներ նվիրել։ 1967թ. արվեստագետը հաստատվել է Բեյրութում, դասախոսել, լիբանանահայ մշակութային միության նախաձեռնությամբ կազմել երգչախումբ և հանդես եկել համերգներով։ 1958թ. Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի կողմից արժանացել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանի, իսկ ծավալված խմբավարական գործունեության և պարսկական ժողովրդական երգերի խմբերգային մշակումների կատարման համար 1943թ. պարգևատրվել է Իրանի «Էլմի» շքանշանով: Մահացել է Բեյրութում։