Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում։ Ավարտել է Կարսի ռեալական դպրոցը։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո աշխատել է կարմիր բանակի քաղվարչության մշակույթի բաժնում, ապա եղել է Երևան-Ջուլֆա երկաթուղու գծամասում երթևեկող գնացքին սպասարկող սահմանապահների անգրագիտությունը վերացնող դասատու։ Հետո տեղափոխվել է Լենինական (այժմ՝ Գյումրի), ուր աշխատել է մինչև 1932թ.։ Այստեղ, մի քանի ընկերների հետ, կազմակերպել է «Կապույտ բաճկոն» թատերականացված կենդանի լրագիր։ 1928-32թթ աշխատել է որպես «Զարյա վոստոկա» թերթի սեփական թղթակիցը և այդ թերթի Լենինականի բաժանմունքի վարիչ, 1932-35թթ՝ Հայաստանի կենտգործկոմի գործերի կառավարիչ։ 1935-54թթ աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1954-61թթ «Ոզնի» երգիծական հանդեսում։ Հանդես է եկել Աշփալ գրական անունով: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է «Տոնածառ անտառում» (1930թ.), «Առաջնորդի մոտ» (1935թ.), «Շախ և մաթ» (1943թ.), «Երեք առակ» (1943թ.), «Նշանառուն» (1959թ.), «Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին» (գրքում տեղ են գտել նրա «Դպրոցական տարիներ» հոդվածը, 1961թ.) երկերը: Ռուսերենից թարգմանել է Ս.Մարշակի «13 ռումբ» (1943թ.), «Զվարճալի հեքիաթներ և զրույցներ» (1948թ.), Ն.Գոգոլի «Մեռած հոգիներ» (վեպի երկրորդ հատորը, 1950թ.), «Երևերի ժողովածու 6 հատորով» (համահեղինակ, 1952թ.), «Երկերի ժողովածու 6 հատորով» (համահեղինակ, 1953թ.), «Մայիսյան գիշեր» (1960թ.), «Մեռած հոգիներ» (համահեղինակ, 1974թ.), Դրդա Յանի «Համր բարիկադ» (գրքի մեջ մտնող գործերի մի մասը, 1950թ.), Լու Սինի «Պատմվածքներ» (1951թ.), «Գյուղական թատրոնը» (1952թ.), Ա.Չեխովի «Ընտիր երկեր 3 հատորով» (համահեղինակ, 1953թ.), «Պատմվածքներ» (համահեղինակ, 1961թ.), Ազիզ Նեսինի «Շան պոչեր» (1968թ.) և այլ երկեր: 1974թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: