Zark Foundation

Առաքել Սարուխան

Առաքել Սարուխան

Պատմաբան, բանասեր, գրող

13 հոկտեմբեր, 1863 - 6 փետրվար, 1949

Առաքել Սարուխանյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Արտանուջ գյուղում: Ավարտել է Կ.Պոլսի՝ Վիեննայի Մխիթարյանների վարժարանը, աշակերտել Արսեն Այտընյանին։ Վերադառնալով հայրենիք՝ զբաղվել է մանկավարժական աշխատանքով։ 1894-1911թթ եղել է Ալեքսանդր Մանթաշյանի նավթարդյունաբերական և առևտրական ընկերության լիազոր ներկայացուցիչը (ապա՝ լիազոր վարիչը) Բաթումում, Բաքվում, Թիֆլիսում, Պետերբուրգում, իսկ 1911-17թթ՝ մի շարք օտարերկրյա նավթարդյունաբերական ընկերությունների լիազոր վարիչ։ 1920-ական թվականների սկզբից ապրել է Հոլանդիայում, ապա՝ Բելգիայում։ 1881թ-ից պարբերաբար թղթակցել է «Մշակ» թերթին, իսկ 1887թ-ից՝ «Հանդես ամսօրյա»-ին, ապա նաև Կ.Պոլսի «Արևելք»-ին։ «Հանդես ամսօրյա»-ում հրապարակած աշխատությունները մինչև 1925թ. գրել է արևմտահայերեն և ստորագրել Կ.Տյուրյան ծածկանունով։ Այդ հանդեսում տպագրած հոդվածները վերաբերում են Ռ.Պատկանյանի, Րաֆֆու, Գ.Սունդուկյանի, Պ.Պռոշյանի, Գ.Արծրունու, Լեոյի և այլոց գործունեությանը, Կովկասի հայերի մշակութային հաստատություններին, հասարակական շարժումներին և այլն։ Պաշտոնի բերումով շրջագայելով բազմաթիվ երկրներում՝ ուսումնասիրել է հայկական գաղթավայրերի պատմությունն ու մշակույթը։ «Սև ծովու ռուսական եզերքը» (1895թ.), «Կովկասյան լերանց մեջ» (1896թ.) ուղեգրական բնույթի գրքերը տեղագրական, ազգագրական, պատմական արժեքավոր փաստեր են բովանդակում մերձսևծովյան և կովկասյան հայկական համայնքների, ինչպես նաև տեղաբնիկ ու եկվոր ժողովուրդների մասին։ Բելգիական և հոլանդական արխիվների հիմամբ գրված «Հոլլանդան և հայերը ԺԶ-ԺԹ դարերում» (1926թ.), «Բելգիա և հայերը» (1937թ.) երկերը հարուստ տեղեկություններ են պարունակում բելգիացիների և հոլանդացիների հետ հայերի սերտ փոխհարաբերությունների մասին՝ սկսած միջին դարերից։ Անդրադարձել է նաև հայ-վրացական տնտեսական, քաղաքական ու մշակութային փոխհարաբերություններին և այլ հարցերի («Վրաստան և հայերը», 1939թ.)։ «Հայկական խնդիրն և Ազգային սահմանադրությունը Թյուրքիայում» գրքում (1912թ.) ներկայացրել է Օսմանյան կայսրության տնտեսական և քաղաքական պատկերը, եվրոպական պետությունների դիվանագիտությունը հայկական հարցում, հայ գործիչների դերը Թուրքիայի սահմանադրական շարժման մեջ և այլն։ «Աղեքսանդր Մանթաշյանց, մեծ վաճառականն ու բարեգործը» (1931թ.) հուշագրությունում տեղեկություններ է տալիս Կովկասում հայկական կապիտալի ծագման, ընդլայնման, Բաքվի նավթարդյունաբերության զարգացման մասին։ Գրել է նաև գեղարվեստական գործեր, որոնցից հայտնի է «Խորհրդավոր աղջիկըն և իր գաղտնիքը» (1924թ.) ինքնակենսագրական դրվագներով հյուսված իրապաշտական վեպը։ Մահացել է Բրյուսելում: