Ծնվել է 1974թ. օգոստոսի 25-ին, Բաքու քաղաքում: 1989թ. տեղափոխվել է Երևան և երաժշտական կրթությունը շարունակել ձայնի պահպանման դպրոցում: 1992-97թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ (ակադեմիական երգեցողության) բաժնում: 1995թ-ից աշխատում է Սբ. Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբում որպես մենակատար, 1996թ-ից՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես մեներգիչ: 2005թ. թատրոնի մենակատարների ատեստավորման արդյունքում ստացել է «Բարձր կարգի մեներգիչ» որակավորում: Թատրոնում աշխատելու տարիներին մասնակցել է կառավարական, հանդիսավոր և հոբելյանական համերգների: Հյուրախաղերով հանդես է եկել Թեհրանում (2000թ.) Լ.Ճգնավորյանի «Ռոստամ և Զոհրաբ» օպերայում, Սանկտ Պետերբուրգում (2000թ.) Գ.Դոնիցետիի «Լուչիա դե Լամերմուր» օպերայում (Էնրիկո), Մոնպելիեում (2000թ.) Վ.Նիեկիի «Կասանդրա» օպերայում (Էգիստո), Բեյրութում (2001թ.) Ջ.Վերդիի «Տրավիատա» օպերայում (Ժ.Ժերմոն), Իտալիայի Սասարի քաղաքում (2003թ.) Պ.Չայկովսկիի «Եվգենի Օնեգին» օպերայում (Օնեգին), Լիսաբոնում (2004թ.) Ս.Ռախմանինովի «Ժլատ ասպետ» օպերայում (Դուքս) և «Զանգակներ» պոեմում (բարիտոն մեներգ), Պորտուգալիայի Ֆիգեյրա դե Ֆոշ քաղաքում (2004թ.) Ջ.Պուչինիի «Բոհեմ» օպերայում (Մարսել); Տորոնտոյում (2005թ.) Ի.Ստրավինսկու «Ռոսինյոլ» օպերայում (Չինաստանի կայսր): Ելույթ է ունեցել Հայաստանի ազգային Ֆիլարմոնիկ նվագախմբի հետ (Ա.Հարությունյանի «Հայրենիք» կանտատ, Գ.Ֆորե «Ռեքվիեմ») և Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ (Դ.Հալաջյանի «Միսա Դե Լումինե», Ի.Ստրավինսկի «Պրիբաուտկի»): 2013թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: