Zark Foundation

Ասատուր Մնացականյան

Ասատուր Մնացականյան

Բանաստեղծ, բանասեր

11 հուլիս, 1912 - 27 հունիս, 1983

Ծնվել է ՀՀ Աշտարակի շրջանի Ոսկեվազ գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստացել է գյուղում, ապա ուսանել Վաղարշապատում (այժմ` Էջմիածին)։ 1939թ. ավարտել է Թիֆլիսի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1940-83թթ աշխատել է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում։ 1942-45թթ ծառայել է Խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ Համաշխարհային պատերազմին, Կերչի մսաղացում գերի է ընկել, որոշ ժամանակ գեհենական օրեր է անցկացրել Ռումինիայի Տիմիշոարա համակենտրոնացման ճամբարում, ու երբ խորհրդային զորքերն ազատագրել են այդ երկիրը ֆաշիզմից, վերադարձել է գործող բանակ ու կռվել «շտուրմավոյ» գնդում, որի զինվորներից կենդանի էին մնում 10-ից մեկը: 1940թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1930-47թթ հանդես է եկել «Ասատուր Շեմս» գրական անունով։ 1958թ. «Հայկակական միջնադարյան ժողովրդական երգեր» թեմայով պաշտպանել է դիսերտացիա և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1964թ. «Հայկական զարդարվեստ» թեմայով պաշտպանել է դիսերտացիա և ստացել պատմական գիտությունների դոկտորի կոչում: Եղել է ձեռագրագետ և հայ միջնադարյան գրչագիր մատյաններում հանդիպող բանահյուսական երգերը, որոնք զանազան գրիչների ձեռքով ներմուծվել էին հայկական ձեռագրեր, դարձրել հայ բանագիտության սեփականությունը (Գ.Շերենցի «Վանա սազում», «Էմինյան ազգագրական ժողովածուում», Հ.Ճանիկյանի «Հնութիւնք Ակնայ» գրքում, «Բիւրակնում», Ա.Տևկանցի «Հայերգում», «Ազգագրական հանդեսում» և այլն): 1955թ. ՀՀ գիտությունների ակադեմիայի Արվեստների պատմության և տեսության սեկտորը հրատարակել է նրա «Հայկական զարդարվեստ: Հիմնական մոտիվների ծագումն ու գաղափարական բովանդակությունը» աշխատությունը, որտեղ օգտագործված 1150 նկարների հիմնական մասն առնված է հայկական միջնադարյան մանրանկարչությունից: Գիտնականը ճշտորեն բացահայտել է հայկական զարդարվեստի հնագույն արմատները: 1966թ. լույս է տեսել գրողի «Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջ» աշխատությունը, որը 1969թ. Մատենադարանը հրատարակել է ռուսերենով՝ «О литературе Кавказcкой Албании» խորագրով։ Բազմաթիվ փաստերով ապացուցել է, որ Աղվանք երկրի նահանգներից Ուտիքը, Լեռնային Ղարաբաղը, Գարդմանը արհեստականորեն պարսից պետության կողմից անջատվել են Մեծ Հայքից ու միացվել Աղվանքին, սակայն այդ նահանգներն իրենց բնիկ հայ բնակչությամբ այնքան հայկական նկարագիր ունեին, որ հայոց այբուբենը ողջ Աղվանքի համար դառնում է պետական պաշտոնական և հայերենն էլ դառնում է այդ երկրի լեզուն: Հրատարակել է նաև հայ միջնադարի նշանավոր բանաստեղծներ Նաղաշ Հովնաթանի, Պաղտասար Դպիրի(հեղինակակից՝ Շ.Նազարյան) և Գրիգոր Տղայի գրական ժառանգության քննական բնագրերը՝ համապատասխան հետազոտությամբ և հմուտ ծանոթագրություններով։ Գրիգոր Տղային նվիրված գրքում փաստերով հիմնավորել է, որ նա Ներսես Շնորհալուօրինակով մեծապես նպաստել է Կիլիկյան Հայաստանի մատենագրության զարգացմանը։ Ներկայացված են նաև Գրիգոր Տղա կաթողիկոսի ու մատենագրի բազմազան կապերը բյուզանդական գործիչների, Հռոմի պապերի, Սալահադդինի, Մեծ Հայքի կրթական կարևոր կենտրոնների՝ Հաղպատ-Սանահինի վանքերի վարդապետների հետ: Հայկական միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի համար կազմել է «Քիստոմատիա հայ գրականության» (1971թ.), որն ընդգրկում է հայ հին և միջնադարյան գրականությունը՝ սկզբից մինչև Սայաթ-Նովա, նաև հայ նոր գրականությունը՝ Հարություն Ալամդարյանիցմինչև Հակոբ Պարոնյան: Հեղինակը դիմել է նորարարության. հայոց հին վեպի հատվածները՝ «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Տիգրան և Աժդահակ» ներկայացրել է չափածո գրաբարով, ապա չափածո աշխարհաբարով՝ սեփական թարգմանությամբ։ Նույն ձևով նա ներկայացրել է Գրիգոր Նարեկացու տաղերի իր թարգմանությունը՝ զուգահեռելով բնագրին։ 1980թ. լույս է տեսել նրա «Հայ միջնադարյան հանելուկներ» աշխատությունը, որն ընդգրկում է 5–18-րդ դարերի, այսինքն՝ ողջ միջնադարի տարբեր հեղինակների ստեղծած գրական հարուստ ժառանգությունն այդ ժանրում: Այս գրքում ևս քննական բնագրերը կազմվել են ըստ ձեռագրական ու տպագիր աղբյուրների համեմատության: Վերջին գիրքը, որն իր կենդանության ժամանակ է հրատարակվել, Նաղաշ Հովնաթանի «Տաղերն» էին՝ հարստացված նոր բնագրերով: Դա Նաղաշ Հովնաթանի տաղերի երրորդ լրացված ու լիակատար ժողովածուն էր (1983թ.): Բանասերի մահվանից հետո լույս են տեսել երկու նոր գրքերը՝ «Հայրեններ» (1995թ.) և «Գիրք գրված փշալարի ճանկերում» (1997թ.): Գրել է նաև գիտական բազմաթիվ հոդվածներ, հանդես եկել միջազգային գիտաժողովներում: Տպագրել է բանաստեղծական երկու ժողովածու՝ «Պատերազմ և հայրենիք» (1942թ.) ու «Բանաստեղծություններ» (1947թ.): Մահացել և թաղվել է Երևանում։ Երկու ամիս հետո աճյունը փոխադրվել է հայրենի Ոսկեվազ գյուղ։