Zark Foundation

Աստվածատուր Ներսեսովիչ

Աստվածատուր Ներսեսովիչ

Բառարանագիր, աստվածաբան

14 հուլիս, 1647 - 9 մայիս, 1709

Ծնվել է Յազլովեց գյուղում (այժմ՝ Ուկրաինայի Տերնոպոլսկայա մարզում)։ Հայտնի է եղել նաև Դեոդատ Ներսեսովիչ, Աստվածատուր Ներսիսյան, Աստվածատուր Լեհացի անուններով: Տիրապետել է հայերեն, լատիներեն, լեհերեն, իտալերեն լեզուներին։ Գրել է հայերեն և լեհերեն։ 1665-68թթ ուսանել է Լվովի հայոց պապական դպրանոցում։ Ծննդավայրում ուսումնարան բացելով՝ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Եղել է Տրայանուպոլսի եպիսկոպոս։ Լեհահայոց առաջնորդ Նիկոլ Թորոսովիչի մահից հետո, մինչև նրա հաջորդի՝ Վարդան Հունանյանի նշանակումը, վարել է թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնը (1681-86թթ), իսկ Հունանյանի հրաժարումից հետո դարձել թեմի առաջնորդ (1698-1709թթ)։ Գիտական լուրջ գործ է նրա «Բառգիրք լատինացւոց եւ հայոց ի վերայ Աստուածաշունչ եւ ժամակարգութեան գրոց Հայոց եկեղեցւոյն» (1695թ.) մեծածավալ բառարանը։ 1684թ. լեհերեն հրատարակել է մի ներբողական ճառ՝ նվիրված այն հաղթանակին, որ լեհերը տարան թուրքերի դեմ և ազատագրեցին Վիեննան 1683թ.։ Ալոյիսիոս Պիդուի «Սրբուհի Պալքերիա» լատիներեն ողբերգության համար 1668թ., նույնպես լեհերեն, գրել է միջախաղեր՝ նախերգանքով ու վերջաբանով։ Նրա հայերեն անտիպ երկերն են՝ «Վիճաբանութիւնք աստուածաբանութեան», «Ծանօթութիւնք բարոյականից աստուածաբանութեանց» և «Արդարացութիւն եկեղեցւոյն հայոց»։ Ունի նաև թարգմանական գործեր։ Վերանայել և լրացրել է լատինական Ծիսարանի հայերեն թարգմանությունը, լատիներենից լեհերեն է թարգմանել Լ.Սկուպոլիի «Հոգևորական պատերազմ» աշխատությունը։ Մահացել է Լվովում։