Zark Foundation

Ավագ Ծաղկող

Ավագ Ծաղկող

Մանրանկարիչ

13-14-րդ դար

Սովորել է Արևելյան Հայաստանում գտնվող Գլաձորի համալսարանում, խոշոր մանկավարժ ու գիտնական Եսայի Նչեցու և Թորոս Տարոնացու մոտ: Եղել է նաև դպիր, աշխատել է ոչ միայն Գլաձորում, այլ նաև Կիլիկիայում և Պարսկաստանում։ Հայտնի է որ Սարգիս Պիծակիհետ միասին նկարազարդել է 1336թ. ավետարանը։ Ուսումնառությունն ավարտելուց հետո եղել է Օրտու-բազարում (Սուլթանիա), այնուհետև Թավրիզում։ 1350թ. մեկնել է Կիլիկիա, 1358թ. վերադարձել Փայտակարան։ Ստեղծագործել է Սիսում, Գլաձորում, Սուլթանիայում, Մարաղայում, Փայտակարանում, Կիլիկիայում։ Նրա գեղանկարչական ժառանգությունից մեզ է հասել յոթ ձեռագիր։ Այդ ձեռագրերի մանրանկարչությունը բացահայտում է ավանդույթներով, նոր ճաշակի արտահայտմամբ, ինչպես նաև ինքնուրույն պրպտումներով հարուստ մի արվեստ։ Դասականի զգացողությունը նկարչի մոտ երևան է եկել մերթ առանձին կերպարների մեկնաբանման, մերթ յուրօրինակ հավասարակշռություն հաղորդելու, մերթ էլ ներդաշնակ գունային ընդհանրացումների հասնելու ձգտման մեջ։ Նրա արվեստի մեծ նվաճումը տարբեր դիտակետերից, տարբեր դիրքերում ու հարթություններում մարմնի պատկերումն է։ Սա է այն կարևոր նորույթը, որ բերել է հայ արվեստ ռոսլինյան գիծը շարունակող ու ամբողջացնող այս տաղանդավոր վարպետը։ Նորարարությունների մեջ նա համարձակ է ու համառ, նոր արվեստի թե՛ ներքին բովանդակությունը, թե՛ ոճական հիմքերն այնքան դինամիկ են, որ զուգահեռներ են առաջացնում ժամանակի հզոր գեղարվեստական ուղղություններից մեկի՝ պալեոլոգյան արվեստի հետ։ Պատկերազարդման գործունեությամբ և կատարման վարպետությամբ աչքի է ընկել 1337թ. ավետարանը։ Այս ձեռագիրը նա ընդօրինակել և նկարազարդել է Պարսկաստանի Սուլթանիա քաղաքում։ Ձեռագիրը հարուստ է թեմատիկ նկարներով։ Ձեռագրում կան այնպիսիները, որոնք քիչ են հանդիպում։ Օրինակ՝ «Բարի Սամարացին», «Պիղատոսը լվանում է ձեռքերը», «Հուդայի մահը»։ 1329թ. ձեռագրի մանրանկարներից մեկում պատկերել է իրեն և Ասլան պարոնին, 1356-58թթ ձեռագրում՝ Սորղաթմիշ պարոնին և նրա կնոջը՝ Բեկի-Խաթունին։ Գունագեղ ու շքեղ են նրա նկարազարդված խորանները ու անվանաթերթերը։ Նկարչի արվեստում համատեղվում են Գլաձորի և Կիլիկիայի մանրանկարչության առանձին տարրեր։ Իր ամբողջության մեջ նրա արվեստը խոշոր նշանակություն ունի ողջ հայ մանրանկարչության պատմության համար։ Այն վկայում է հայ մշակույթի ասպարեզում 13-րդ դարի վերջից սկսած ու 14-րդ դարում իր բարձրակետին հասած տեղաշարժերի ու քրիստոնյա աշխարհի արվեստների հետ նրանց համահունչ լինելուն: Երևանի Մ.Մաշտոցիանվան Մատենադարանում պահվում է նրա նկարազարդած հինգ մատյան՝ 1329թ., 1337թ., 1352թ. Ավետարանները և 1356-58թթ ու 1338թ. Աստվածաշունչերը։ Վենետիկի Մխիթարյան մատենադարանում է գտնվում նկարչի 1341թ. պատկերազարդած Աստվածաշունչը։