Ծնվել է Արևելյան Հայաստանի Իգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիայում): 1886թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1901թ.` Լոզանի համալսարանը և Սորբոնի համալսարանի գրականության դասընթացները: Դեռևս ուսանելու տարիներին ծավալել է հայանպաստ գործունեություն` Հայկական հարցը ներկայացրել է եվրոպական գործիչներին: 1907թ. Հաագայի խաղաղության խորհրդաժողովում, լինելով հայկական պատվիրակության անդամ, հանդես է եկել Հայկական հարցի լուծման խնդրագրով: Անդամակցել է ՀՅԴ կուսակցությանը: Աշխատակցել է «Մուրճ» ամսագրին, «Հառաջ» և «Ալիք» թերթերին: Եղել է ուսուցիչ, 1907-09թթ` Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տնօրենը: 1917թ. ընտրվել է Հայոց ազգային խորհըրդի նախագահ, 1919թ.՝ Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդամ, ապա՝ նախագահ: 1919-20թթ Փարիզի հաշտության խորհրդաժողովում ղեկավարել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը: 1920թ. ստորագրել է Սևրի հաշտության պայմանագիրը, մասնակցել է Լոնդոնի (1921թ.) և Լոզանի (1922-23թթ) խորհրդաժողովներին: Հայ Դատին վերաբերող իր խորհրդածություններն ամփոփել է «Սարդարապատից մինչև Սևր և Լոզան» (1943թ.) գրքում: 1894թ. «Մշակ» թերթում լույս է տեսել գրողի «Լուրեր սահմանի այն կողմից» խորագրով հոդվածաշարը, որը նվիրված էր արևմտահայության կյանքին: Այնուհետև հրատարակվել են արևմտահայ գաղթականներին, ազգային-ազատագրական շարժմանը նվիրված նրա պատմվածքները («Խայ», «Ռաշիդ», «Խավարես, լուսի'ն», «Զարթի'ր, Աստվա'ծ», «Պատիվ», «Էլ մի աղոթիր», «Ջավո», «Արյունոտ թթխմոր» և այլն), որոնք ներառված են «Պատկերներ» (1899թ.) և «Ազատության ճանապարհին» (1908թ.) ժողովածուներում: Գրել է «Արցունքի հովիտը», (1907թ.), «Լռություն», (1904թ.), «Սև թռչուն», (1910թ.), «Քրիստափոր Միքայելյան» (1926թ.), «Իմ գիրքը» (1927-31թթ) երկերը, «Իտալիայում» (1903թ.), «Շվեյցարական գյուղը» (1913թ.) ուղեգրությունները և այլ գործեր: 1923թ-ից Բոստոնի «Հայրենիք» ամսագրում առանձին հատորներով լույս են տեսել նրա պատմվածքները, վիպակները, վեպերը, գրական, քաղաքական ուսումնասիրությունները: 1934թ. Մարսելում, ելույթի պահին կաթվածահար է եղել և այլևս չի ստեղծագործել: Մահացել է Փարիզում, թաղված է տեղի «Պեր Լաշեզ» գերեզմանատանը: