Zark Foundation

Ավետիս Սանճյան

Ավետիս Սանճյան

Բանասեր, հայագետ

24 փետրվար, 1921 - 22 հուլիս, 1995

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Մարաշ քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է (1929-39թթ) Երուսաղեմի Սբ. Թարգմանչաց նախակրթարանում և Բիշոպ Կոպատ անգլիական վարժարանում։ 1949թ. ավարտել է Բեյրութի ամերիկյան, 1956թ.՝ Միչիգանի համալսարանների անգլերենի և անգլիական գրականության ֆակուլտետերը։ Եղել է ԱՄՆ-ում հայագիտության հիմնադիրներից։ 1957թ-ից հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն է դասավանդել Հարվարդի համալսարանում, 1965թ-ից՝ Լոս Անջելեսի Քալիֆորնիական համալսարանում, որտեղ 1969-ից եղել է հայագիտության ամբիոնի վարիչը։ Դասավանդել է գրաբար, հայ գրականություն, հայ մշակույթի պատմություն։ Համալսարանի գրադարանին կից ստեղծել է հայ գրականության ֆոնդ, որտեղ հավաքել է բազմաթիվ արխիվային նյութեր, միջնադարյան հայերեն ձեռագրեր։ Լույս են տեսել նրա «Ալեքսանդրեթի սանջակի խնդիրը և ֆրանս-թուրքասիրիական հարաբերությունները» (1956թ.), «Գրաբարի քերականության ձեռնարկ» (1968թ.), «Պատմական Սիրիայի հայկական գաղութները օսմանյան տիրապետության տակ» (1965թ.) գործերը։ «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, 1301-1480թթ» (1969թ.) գրքում քննել է հայերեն հիշատակարանային գրականության առանձնահատկությունները, տվել պատմական արժեք ներկայացնող հատընտիր հատվածներ անգլերեն թարգմանությամբ և պատմաբանասիրական ծանոթագրությամբ։ 1976թ. հրատարակվել է նրա «Ցուցակ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնադարյան հայերեն ձեռագրերի» աշխատությունը՝ 180 ձեռագրերի և պատառիկների նկարագրությամբ։ Լույս են տեսել նաև նրա «Երեմիա Չելեպի Քյոմյուրճյանի Տիմոյի և Մրգատայի մասին տաղաչափյալ սիրավեպ» (Ա.Թիցեի գործակցությամբ) աշխատությունը (1981թ.), «Վահան Թեքեյանինամականի»-ն (1982թ.)։ Եղել է արևելագիտական և հայագիտական ընկերությունների անդամ, քանիցս ընտրվել է «Հայագիտական ուսմանց ընկերության» (1974թ.) նախագահ: 1982-91թթ եղել է «Journal of the Society for Armenian Studies» պարբերականի հիմնադիր-խմբագիրը։ 1956թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1965թ-ից պրոֆեսոր)։ Եղել է նաև Ռամկավար ազատական կուսակցության անդամ։ Ակտիվ մասնակցություն է բերել Երուսաղեմի Հայ երիտասարդաց միության, հետագայում՝ ԱՄՆ-ում Հայկական բարեգործական ընդհանուր միության և Թեքեյան մշակութային միության ազգային-հասարակական գործունեությանը։ Մահացել է Լոս Անջելեսում: