Zark Foundation

Ավետիք Եվդոկացի

Ավետիք Եվդոկացի

Տաղերգու, եկեղեցական գործիչ

1 ապրիլ, 1657 - 10 հուլիս, 1711

Ավետիք Թոխաթցի, Ավետիք Պատրիարք
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Եվդոկիա քաղաքում: Աշակերտել է Սարգիս և Պետրոս քահանաներին, ապա՝ Հակոբ վարդապետ Պելենկցուն: 1675թ. Փայասում ձեռնադրվել է սարկավագ, Կապոսի վանքում՝ աբեղա, ապա՝ վարդապետ, կարգվել վանքի հոգևոր առաջնորդ: Չնայած օսմանյան իշխանությունների և մոլեռանդ մահմեդական հոգևորականության հարուցած խոչընդոտներին, նրա ջանքերով նորոգվել են Կապոսի Սբ. Հակոբ վանքը, Տիրանաշենի Սբ. Նշան, Երզնկայի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցիները: Այդ առիթով անբաստանվել ու կարճ ժամանակով բանտարկվել է: Ազատվելուց հետո մեկնել է Էջմիածին, այնտեղ 1691թ. ձեռնադրվել եպիսկոպոս, նույն թվականին Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսը նրան կարգել է Կարինի թեմի առաջնորդ, 1702թ. փետրվարի 24-ին սուլթանական արքունիքի հովանավորությամբ նշանակվել է Կ.Պոլսի պատրիարք, իսկ հուլիսի 13-ին՝ նաև Երուսաղեմի պատրիարք: Սակայն հակակաթոլիկական գործունեության համար 1703թ. աքսորվել է Ասորիք, 1704թ. ազատվել է և վերականգնվել Կ.Պոլսի պատրիարքի պաշտոնում: Նույն թվականի նոյեմբերին, Երուսաղեմի հայոց պատրիարք Մինաս Ամդեցու մահից հետո, կրկին միավորել է Կ.Պոլսի և Երուսաղեմի պատրիարքական աթոռները: Նրա պատրիարքության շրջանում Կ.Պոլսում պայքար է ծավալվել հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև: Եղել է այդ պայքարի հայտնի դեմքերից: Հիսուսյան կրոնավոր Մոնիեն իր «Ուղեգրության» մեջ նրան անվանել է «ամենամեծ հալածիչ», որ երբևէ ունեցել են կաթոլիկները Արևելքում, իսկ Կ.Պոլսում Ֆրանսիայի դեսպան դը Ֆերիոլը՝ «հռոմեական եկեղեցու երդվյալ թշնամի», «կաթոլիկության անդրդվելի և անողոք հալածիչ»: Խիստ միջոցների է դիմել լատինադավան հայերի նկատմամբ և զոհ դարձել խռովարարների ու իր հակառակորդների մեքենայություններին: 1706թ. պատրիարքը կրկին աթոռազուրկ է արվել և աքսորվել Թենետոս կղզի: Աքսորից վերադառնալիս դեսպան դը Ֆերիոլը, լատին կրոնավոր Հակինթոսի թելադրանքով, առևանգել է նրան, նետել Սիցիլիայի, Մարսելի բանտերը, Բենեդիկտյանների Սբ. Միքայելի վանքը, ի վերջո՝ Փարիզի Բաստիլ բանտը, բռնագրավել գրքերն ու գրությունները: 1710թ. Փարիզի արքեպիսկոպոս կարդինալ Նոայլի առաջ հավատո խոստովանություն կորզելուց հետո միայն նրան ազատել են բանտից՝ հսկողություն սահմանելով վրան, որից ինն ամիս անց նա վախճանվել է: Եվրոպական պատմագիտությանը հայտնի անձնավորություն է եղել: Նրա անունը կապվել է նշանավոր «Երկաթյա դիմակով մարդու» առեղծվածին: «Երկաթյա դիմակով մարդ» անունը կրող բանտարկյալի ինքնությունը բացահայտելու համար ավելի քան 50 հեղինակներ իրենց ուսումնասիրություններում զարգացրել են տասնչորս վարկածներ, որոնք առնչվել են նաև Եվդոկացու անձին: Գրել է տաղեր՝ «Տաղ ի վերայ գարնան…», «Տաղ Աւետիքէ ասացեալ» (Մատենադարան), «Տաղ Աստուածածնի» (Զմմառի մատենադարան), «Տաղ սուրբ Աստուածածնայ…» (Վիեննայի Մխիթարյանների մատենադարան) և այլն, զբաղվել գրչագրությամբ, ընդօրինակել 6 ձեռագիր, 5-ը՝ Բաստիլի բանտում, վերջինը 1711թ.՝ ազատվելուց հետո, Փարիզում (Փարիզի ազգային մատենադարան): Պատմական արժեքավոր սկզբնաղբյուր է նրա «Կենսագրությունը» (1709թ., «Մասիս», 1874թ.): Գրել է յուրօրինակ խառնուրդ լեզվով՝ գրաբարով և խոսակցական աշխարհաբարով: Մահացել է Փարիզում: