Zark Foundation

Ավետ Գաբրիելյան

Ավետ Գաբրիելյան

Ջութակահար

7 ապրիլ, 1899 - 19 հունիս, 1983

Ավդեյ Տեր-Գաբրիելյան
Ծնվել է Դոնի Ռոստովում: 1921թ. ավարտել է Դոնի Ռոստովի երաժշտական ուսումնարանը: 1922-24թթ դասավանդել է Երևանի երաժշտական ստուդիայում, ապա՝ նորաստեղծ կոնսերվատորիայում: 1924-29թթ սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Լ.Ցեյտլինի դասարանում: 1925թ. ղեկավարել է Մոսկվայի հայ ուսանող երաժիշտների լարային կվարտետը (հետագայում՝ Կոմիտասի անվան): 1938թ-ից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում, որպես անսամբլային դասարանի դասատու (1946-54թթ վարել է նաև ջութակի մասնագիտական դասարանը): Նրա նվագացանկում զգալի տեղ են գրավել Լ.Բեթհովենի, Վ.Մոցարտի, Ֆ.Մենդելսոնի, Պ.Չայկովսկու, Ա.Խաչատրյանի ջութակի համար գրված կոնցերտները, Է.Լալոյի «Իսպանական սիմֆոնիան»: Ջութակահարի տաղանդը ակնհայտորեն դրսևորվել է կվարտետային նվագի բնագավառում, նրա գլխավորությամբ Կոմիտասի անվան կվարտետը 1938թ. կվարտետների համամիութենական մրցանակաբաշխությունում արժանացել է առաջին մրցանակի: Սովետական նշանավոր դաշնակահարներ Ա.Գոլդենվեյզերի, Կ.Իգումնովի, Հ.Նեյհաուզի, Վ.Մերժանովի և այլոց, ինչպես և տարբեր նվագախմբերի հետ նրա համերգային ելույթները ընդգրկել են ջութակի համաշխարհային գրականության մի նշանակալից բաժինը: Նրա նվագին բնորոշ է եղել արտիստականություն և վարպետություն, ռոմանտիկական ոգեշնչվածություն և հնչականություն: 1939թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, 1946թ. արժանացել ԽՍՀՄ, 1965թ.՝ ՀՀ Պետական մրցանակի: 1974թ. ստացել է Երևանի Կոմիտասի անվան, 1976թ.՝ Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորի կոչում: Նրա անունը փորագրված է Մոսկվայի կոնսերվատորիայի առավել աչքի ընկնող շրջանավարտների մարմարյա «Պատվո տախտակին» (1929թ.): 1945թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում: Ավետ Գաբրիելյանի անունով է կոչվել Երևանի թիվ 12 երաժշտական դպրոցը: