Արշալույս Մարդիգանյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի վիլայեթի Չմշկածագ գյուղի Վարի թաղամասում: Եղել է Հայոց Մեծ եղեռնի վերապրած-ականատես, «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» (1918թ.) գրքի հեղինակը: Նկարահանվել է գրքի հիման վրա նկարահանված «Հոգիների աճուրդ» կինոնկարում: 14 տարեկան հասակում հաճախել է Չմշկածագի Մեսրոպյան վարժարան: Դպրոցն ավարտելուց հետո պատրաստվել է հաճախել նաև ջութակի դասերի: Հորն ու եղբորը թուրքերը սպանել են նրա աչքի առաջ, իսկ ինքը մոր և քույրերի հետ միասին բռնությամբ կցվել է դեպի Սիրիայի անապատները տեղահանվող հայուհիների քարավաններին: 85 ցենտին համարժեք գնով վաճառվել է ցեղապետերից մեկի հարեմին, որտեղից հաջողացրել է փախչել: 18 ամիս շարունակ քայլելով, հատելով Դերսիմի (Մնձուրի) լեռնաշղթան, թաքնվել է քարայրերում ու սնվել բույսերով և արմտիքով: Հյուծված, բոբիկ ու կիսամերկ հասել է ռուսական զորքերի կողմից ռազմակալված Էրզրում, որտեղ էլ նրան ի վերջո իրենց հոգածության ներքո են վերցրել ամերիկյան միսիոներները: Հասնելով Նյու Յորք` նրան որդեգրել է մի հայ ընտանիք: Ցեղասպանության մասին նրա վկայությունները 1918թ. տպագրվել են Նյու Յորքի և Լոս Անջելեսի թերթերում, իսկ նույն տարվա դեկտեմբերին լույս է տեսել «Հոշոտված Հայաստան» խորագրով գիրքը: Շապիկին Արշալույսի լուսանկարն էր` հայկական ավանդական զգեստը հագին: Գիրքը հաջորդ երկու տասնամյակներին բազմիցս վերահրատարակվել է և վաճառվել 900,000 տպաքանակով` ներառյալ իսպաներեն, հոլանդերեն և լեհերեն հրատարակությունները: 1918թ. «Selig Polyscope» ընկերության նախաձեռնությամբ կինոռեժիսոր Օսկար Ափֆելը սկսել է աշխատել այդ գրքի վրա հիմնված համր կինոնկարի վրա, որի գլխավոր դերը վստահվել է Արշալույսին` Ավրորա Մարդիգանյան անվան ներքո, որն ընտրվել էր նրա ինքնությունը պաշտպանելու նպատակով: «Հոշոտված Հայաստան» ֆիլմը, որը հայտնի է նաև «Հոգիների աճուրդ» անվամբ, առաջին անգամ ցուցադրվել է 1919թ. հունվարին Վաշինգթոնում: Փետրվարին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում տեղի է ունեցել ֆիլմի բազմամարդ և հանդիսավոր պրեմիերան: Ֆիլմը ցուցադրվել է 23 նահանգներում և միջազգային կինոթատրոններում, որի հասույթը կազմել է 20-30 միլիոն դոլար և ուղղվել է Հայոց Մեծ եղեռնից տուժած հայ որբերի կարիքներին: Յուրաքանչյուր պրեմիերայից հետո Ավրորան իր մեջ ուժ էր գտել բեմ ելնելու և հրապարակավ խոսելու բարձր խավի ներկայացուցիչների առջև: Սակայն 1920թ. Բուֆֆալո քաղաքում կինոդիտումից հետո նա ուշագնաց է եղել և ընդմիշտ հրաժարվել հրապարակային ելույթներից: Մահացել է Լոս Անջելեսում: