Zark Foundation

Ատոմ Էգոյան

Ատոմ Էգոյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ծնվել է 1960թ. հուլիսի 19-ին, Կահիրեում: Դերասանուհի Արսինե Խանջյանի ամուսինն է: 1962թ-ից ընտանիքով տեղափոխվել է Կանադա: Տորոնտոյի համալսարանում սովորել է միջազգային հարաբերություններ, երաժշտություն և հայոց պատմություն, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել: 1984թ. նկարահանել է առաջին «Մոտ բարեկամ» ֆիլմը, որը ներկայացվել է միջազգային կինոփառատնի և արժանացել գլխավոր մրցանակի: 1994թ. նկարահանել է «Էկզոտիկա» ֆիլմը, որը դարձել է ռեժիսորական գործունեության հաջողության սկիզբը: Վաղ շրջանի գործերն աչքի են ընկել Սանդենսի անկախ կինոյի փառատոնում, իսկ «Լուսավոր գալիք» ֆիլմով ճանաչման է հասել քննադատների ու հանդիսատեսի կողմից: 1999թ. արժանացել է Կանադայի զինվորական շքանշանի: 2002թ. նկարահանել է Հայոց Մեծ եղեռնի մասին պատմող «Արարատ» ֆիլմը, որը Կանադայի «Ջենի» կինոմրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին: 2004թ. Երևանի 1-ին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի: 2005թ. սովորել է Շվեցարիայի Եվրոպայի բարձրագույն դպրոցի զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կապերի ֆակուլտետում: 2006թ-ից դասավանդել է Տորոնտոյի համալսարանում և Մանհեյմ Հեյդելբերգ միջազգային կինոփոռատոնի ժամանակ արժանացել է «Կինոյի մասնագետ» կոչման: 2009թ. նկարահանել է «Քլոե» էրոտիկ թրիլերը, որի շահույթը կազմել է 3 միլիոն ԱՄՆ դոլար և նրան բերել մեծ ճանաչում համաշխարհային կինոյում: 2010թ. եղել է Կաննի կինոփառատոնի «Սինեֆոնդասիոն» և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը: Եղել է Կաննի և Տորոնտոյի կինոփառատոների բազմակի մրցանակակիր, ներկայացվել է Օսկարի: Ռեժիսորի գործերից են` «Ներքինու տարփանքը» (1977թ.), «Այսուհետ` հայրիկի հետ» (1980թ.), «Փիփ շոու» (1981թ.), «Բաց տուն» (1982թ.), «Տղամարդիկ` կրքի խաղադաշտ» (1985թ.), «Ընտանեկան դիտում» (1987թ.), «Մի աղջնակ կար», «Ոչինչ փնտրելով» (1988թ.), «Խոսուն դերեր» (1989թ.), «Օրացույց» (1993թ.), «Արշիլի դիմանկարը» (1995թ.), «Լուսավոր գալիք» (1997թ.), «Շարք» (2000թ.), «Սփյուռք» (2001թ.), «Որտե՞ղ թաքնված է ճշմարտությունը» (2005թ.), «Միջնաբերդ» (2006թ.), «Երկրպագություն» (2008թ.), «Քլոե» (2009թ.), «Սատանայի հանգույցը» (2013թ.), «Գերին» (2014թ.), «Հիշողություն» (2015թ.) և այլն: