Zark Foundation

Արամայիս Սահակյան

Արամայիս Սահակյան

Բանաստեղծ, երգիծաբան, հաղորդավար

24 մայիս, 1936 - 14 մարտ, 2013

Ծնվել է ՀՀ Կրասնոսելսկի շրջանի Բաշքենդ (այժմ՝ Արծվաշեն) գյուղում: 1954թ. «Պիոներ կանչ» թերթում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը: 1955-60թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում: 1959թ. «Ուսանողներ» պոեմի համար արժանացել է ՀԼԿԵՄ Կենտրոնի և Հայաստանի գրողների միության մրցանակին: 1967թ. մասնակցել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներին: 1960-65թթ աշխատել է «Ավանգարդ» թերթում, 1967-70թթ՝ «Գարուն» գրական ամսագրում, 1970-71թթ՝ ՀԼԿԵՄ Կենտկոմում, 1971-77թթ՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում` որպես արտասահմանի հայերի համար տրվող հաղորդումների գլխավոր խմբագիր, ապա՝ երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր։ 1958թ-ից եղել է Հայաստանի գրողների, 1971թ-ից` Հայաստանի ժուռնալիստների միության անդամ: 1977-81թթ եղել է Հայաստանի գրողների միության կուսակցական քարտուղարը, 1990-95թթ՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր: 1958-2002թթ տպագրության է հանձնել ավելի քան 40 գիրք: Նրա հեղինակած բանաստեղծությունների հիման վրա գրվել է ավելի քան 100 երգ, այդ թվում` կինոնկարների ու թատերական ներկայացումների համար: Նրա հրատարակված գրքերից են՝ «Աստղիկներ» (1958թ.), «Սիրո հասակ» (1959թ.), «Մենք միասին ենք» (1964թ.), «Ապրել և սիրել» (1968թ.), «Երջանիկ եղեք» (1972թ.), «Ես սիրում եմ ձեզ» (1975թ.), «Զվարճալի հարցազրույցներ» (1985թ.), «Ես քո զավակն եմ, Հայաստան» (1986թ.), «Խորհրդավոր խորհրդարան» (1992թ.) և այլն: 1970թ. «Ապրել և սիրել» գրքի, «Անմահությունից մեկ ժամ առաջ» և «Անհայտ զինվորի նամակը» պոեմների համար արժանացել է համամիութենական մրցույթի երկրորդ մրցանակի և դիպլոմի: 1971թ. դարձել է նաև համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր երգերի տեքստերի համար։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ԽՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով: Ռուսերեն լեզվով Մոսկվայում լույս են տեսել նրա «Բարև բարեկամ» (1971թ.), «Երջանիկ եղեք» (1975թ.), «Երրորդ հանդիպում» (1979թ.), «Եղբայրը՝ եղբորը» (1985թ.) գրքերը: 1978թ. հունգար բանաստեղծ Էնդրե Ադիին թարգմանելու և նրա ծննդյան 100-ամյակին մասնակցելու համար պարգևատրվել է Հունգարիայի մշակույթի նախարարության «Էնդրե Ադիի հիշատակի» մեդալով: 1984թ. «Հայֆիլմ» կինոստուդիան նրա սցենարով (հեղինակակից՝ Արթուր Շահբազյան) նկարահանել է «Աստղերը չեն մարում» փաստավավերագրական կինոնկարը: 1982թ-ից մինչ կյանքի վերջ եղել է «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը: Ավելի քան 10 տարի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Ծիծաղի տուն» երգիծական հաղորդումը: 1986թ. արժանացել է ՀԳՄ Ա.Իսահակյանի անվան մրցանակի և ՀՀ Պատվո շքանշանի, 1998թ.՝ «Սբ. Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալի (Բեյրութ), 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2006թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 2011թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի: Մահացել է Երևանում: