Zark Foundation

Արամ Հովհաննիսյան

Արամ Հովհաննիսյան

Դերասան

Ծնվել է 1973թ. հունվարի 2-ին, Երևանում: 1990թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և պարարվեստի դպրոցի պարի բաժինը: 1991-94թթ սովորել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դրամատիկ դերասանի բաժնում, համատեղ` ռեժիսուրայի բաժնում` Կիմ Արզումանյանի արվեստանոցում: Որպես դերասան, 1991-93թթ աշխատել է Երևանի պետական երիտասարդական, 1993-94թթ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, 1994-96թթ` Գորիսի պետական դրամատիկական, 1996-2005թթ` Երևանի Հ.Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոններում, 1997-99թթ` «Գոյ» թատրոն-լաբորատորիայում: Գորիսի թատրոնում եղել է նաև բեմադրիչ և իրականացրել երկու բեմադրություն` Այաքս «Հունական լեգենդ» և մյուզիքլ: 2000թ. բեմադրել է Պ.Զեյթունցյանի «Խոր Վիրապ» ստեղծագործության ռադիո-բեմականացումը, 2001թ.` Կ.Խոդիկյանի «Կինը անձրևից հետո», 2003թ.` Է.Օլլբի «Ամեն ինչ պարտեզում», «Սեր, փող, սատանա», 2006թ.` Ա.Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ», 2010թ.` Ֆ.Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» ներկայացումները: 2008թ. Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում եղել է Վ.Սարոյանի «Մի գնա հերսոտած» ներկայացման բեմանկարիչը և երաժշտական ձևավորողը: 2006թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Մարիվոյի «Խաղ սիրո և պատահականության» (Դորանտ), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Մասիսյանց), «Էլի մեկ զոհ» (Բրիլիանտով), Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Ագիս), Արիստոփանեսի «Լիսիստրատե» (Սպա), Ա.Շիրվանզադեի «Ազգային գործիչը» (Միքայել), «Պատվի համար» (Բագրատ), Գ.Խանջյանի «Չարենցի ուղղիչ տանը» (Բենժամին), Վ.Շեքսպիրի «12-րդ գիշեր» (Անտոնիո), Ե.Օտյանի «Եթե կանայք ուզենան» (Ծորակյան), Ա.Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» (Չուգունով), Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Դոկտոր Լեփսիուս), Վալեյխոյի «Գոյա» (Ֆերդինանտ 4-րդ) և այլն: Մասնակցել է բազմաթիվ միջազգային թատերական փառատոների Ուկրաինայում, Լեհաստանում, Մակեդոնիայում, Ալբանիայում, Լիտվայում, Բուլղարիայում, Հայաստանում և արժանացել մի շարք պարգևների, մրցանակների, դիպլոմների, գրան պրիի: 2009-10թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետի մագիստրատուրայում, որտեղ պաշտպանել է «Վիլիամ Շեքսպիր» թեզը և ստացել ռեժիսուրայի մագիստրոսի աստիճան: 2010թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի ամբիոնում: Մոնոներկայացումներով հանդես է եկել Հայաստանում և Սփյուռքում` Հ.Շիրազի «Հայոց դանթեականը», Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», Պ.Զեյթունցյանի «Սողոմոն Թեհլերյան» և այլն: Նկարահանվել է նաև հեռուստասերիալներում` «Որոգայթ» (2006-09թթ), «Դիմակահանդես» (2009-10թթ), «Դժվար ապրուստ» (2011-13թթ): 2014թ-ից եղել է «Հ3» հեռուստաընկերության տնօրենը: