Ծնվել է Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղում: 1922-26թթ ղեկավարել է մի քանի ինքնագործ երաժշտական խմբեր: 1926-28թթ սովորել է Երևանի կոնսերվատորիայի թառի բաժնում` Սաշա Օգանեզաշվիլու դասարանում, 1937-42թթ` ստեղծագործության բաժնում` Վարդգես Տալյանի դասարանում: 1927թ. կազմակերպել և մինչև 1967թ. ղեկավարել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլը, որն էլ 1967թ-ից անվանվել է Արամ Մերանգուլյանի անունով: 1931-33թթ Երևանի կոնսերվատորիայում, ապա յոթ տարի Ռ․Մելիքյանիանվան երաժշտական ուսումնարանում դասավանդել է ժողովրդական գործիքների դասարանում: Հեղինակել է բազմաթիվ երաժշտություններ, որոնցից են`«Խաչատուր Աբովյան» (խոսք` Սարմենի), «Լեռներ հայրենի» (խոսք` Վ.Արամունու), Հ.Շիրազի«Սիամանթո և Խաջեզարե» պոեմի համար գրված` «Դու ինձ համար», «Ա՜յ գառներ», «Երազիս մեջ», «Ա՜յ աղբյուր» և այլն, քառամաս «Պարային սյուիտ», «Հարսանեկան պար», «Վարդերով պար», «Անահիտ» պար և այլն: Ժողովրդական երգերի ու պարեղանակների բազմաթիվ մշակումներով նպաստել է հայկական երաժշտության՝ այդ ասպարեզում այժմ տիրապետող ոճի ձևավորմանը: Գրել է «Սայաթ-Նովա» ֆիլմի երաժշտությունը: Նրա որոշ գործեր հրատարակվել են առանձին, իսկ 1972թ. նաև մի ժողովածուով: Թառի նվագի իր սկզբունքներն ու փորձը շարադրել է հատուկ ձեռնարկում (անտիպ): Իր անսամբլով մասնակցել է հայ արվեստի մոսկովյան երկու տասնօրյակներին (1939թ., 1956թ.): Պարգևատրվել է «Պատվո նշան» երկու շքանշանով: 1959թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: