Ծնվել է Վաղարշապատում: 1929թ. ավարտել է Մոսկվայի Ա.Գլազունովի անվան երաժշտական տեխնիկումի կոմպոզիցիայի բաժինը, որտեղ 1928-31թթ դասավանդել է: 1929-31թթ սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում: 1945թ. էքստերն կարգով ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, որտեղ 1934-49թթ դասավանդել է (1965թ.` արվեստագիտության թեկնածու), իսկ 1934թ. հիմնադրել է Ռ.Մելիքյանիանվան երաժշտագիտահետազոտական լսարան և հայ երաժշտության պատմության ամբիոն: 1936թ. գլխավորել է Շամշադինի երաժշտագիտական արշավախումբը: 1934-41թթ եղել է Հայաստանի ԳԱ պատմության և երաժշտագիտության բաժնի ավագ գիտաշխատող, 1943-48թթ` գիտական քարտուղար, 1960թ-ից` արվեստի պատմության ավագ գիտաշխատող: Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1941թ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: Երկու տարի անցկացրել է աքսորավայրում, 1943թ. արդարացվել է և վերադարձել Երևան: Հեղինակել է հայ երաժշտությանը վերաբերող մի շարք աշխատություններ, կատարել թարգմանություններ: Ձայնագրել է աշուղական սիրավեպեր, ժողովրդական և աշուղական երգեր (շուրջ 2000 նմուշ): Երաժշտագիտական աշխատանքներից են` «Հայ ժողովրդական երաժշտություն» (1939թ.), «Հայաստանի հարվածային և փողային գործիքները» (1965թ.), «Հայկական գուսանական երգեր» (1976թ.): Հեղինակել է «Տերն ու ծառան» օպերան (ըստ Հ.Թումանյանի, 1970թ.), «Կանտատ խաղաղության, բարեկամության և աշխատանքի» (1955թ.), երգեր, խմբերգեր, գործիքային երկեր, կատարել ժողովրդական և աշուղական երգերի մշակումներ: 1960թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: