Zark Foundation

Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյան

Արևելագետ, պետական գործիչ

Ծնվել է 1979թ. սեպտեմբերի 2-ին, Երևանում: 1986-96թթ սովորել է Երևանի Վ.Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում, 1996-2003թթ՝ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ ստանալով նաև արաբագիտության մագիստրոսի աստիճան: 1998-99թթ ուսումը շարունակել է Դամասկոսի «Արաբերեն արտասահմանցիների համար» ինստիտուտում: 2007թ. ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին - 21-րդ դարի սկզբին»): Հեղինակել է գիտական 6 հոդված: 2007թ-ից դասախոսում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է: 2005-06թթ աշխատել է մարդու իրավունքների Հելսինկյան ասոցիացիայում որպես ծրագրի ղեկավար, 2010-11թթ` 1in.am լրատվական կայքում, 2013-15թթ` Araratnews.am կայքում որպես միջազգային բաժնի պատասխանատու։ 2008թ. եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր, 2011թ-ից՝ «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ: 2014թ-ից «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է: 2007-10թթ ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում: 2013-15թթ եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ, 2015-16թթ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը: 2016թ. վերընտրվել է կուսակցության վարչության անդամ: 2017թ. «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 2018թ. մասնակցել է Թավշյա հեղափոխությանը: 2018թ. նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար։ 2019-20թթ եղել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, 2020-21թթ՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը: 2021թ. նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար: