Ծնվել է Բրազիլիայի Մատու Գրոսու դու Սուլ նահանգի Կամպու Գրանդե քաղաքում։ Ծնողները՝ Ռաֆայել և Էսթեր Բալաբանյանները, Լատինական Ամերիկա են հասել Արևմտյան Հայաստանի Նոր Հաճն քաղաքից՝ փրկվելով 1915թ. Հայոց ցեղասպանությունից։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Սան-Պաուլո, որտեղ Արասին ոգևորվել է դերասանուհի Մարիա Դելա Կոստայի մասնակցությամբ թատերական ներկայացմամբ։ Ընդունվել է սոցիալական գիտությունների ամբիոնի փիլիսոփայության ֆակուլտետ՝ զուգահեռ սովորելով տեղի դրամատիկական արվեստի դպրոցում, որը 22 տարեկանում հաջողությամբ ավարտել է՝ հոր կամքին հակառակ երրորդ կուրսում լքելով համալսարանը։ «Մակբեթ» դիպլոմային ներկայացումից և բրազիլական կոմեդիայի թատրոնի Ժորժի Ամադուի պիեսի հիման վրա բեմադրված «Բարոնի կմախքը» ներկայացումից հետո համարվել է երկրի ամենահեռանկարային դերասանուհիներից մեկը։ 1964թ. առաջին անգամ երևացել է հեռուստատեսությունում, «Tupi TV» հեռուստաալիքի Սոֆոկլեսի պիեսի հիման վրա նկարահանված «Անտիգոնե» հեռուստաներկայացմամբ։ Այդ բեմադրության գլխավոր դերի համար արժանացել է «Տարվա լավագույն դերասանուհի» կոչման, ինչպես նաև հեղինակավոր «Փոքեթ Փինթու» թատերական մրցանակին։ «Անտոնիու Մարիա» նովելում խաղացել է հանրահայտ դերասան Սերժիու Կարդոզուի հետ։ 1968թ. խաղացել է իր ամենահաջողված թատերական դերերից մեկը՝ ելույթ ունենալով ամերիկյան ականավոր «Մազեր» մյուզիքլի բրազիլական տարբերակում։ Այնուհետև հրավիրվել է բրազիլական հեռուստատեսության առաջին մանկական հաղորդմանը՝ «Սեզամ փողոցին»։ Ռիո դե Ժանեյրո տեղափոխվելուց հետո սկսել է համագործակցել հանրահայտ «Գլոբո» հեռուստաընկերության հետ։ Նրա մասնակցությամբ հեռուստաընկերության ամենագլխավոր նախագծերից մեկը 1990թ. «Մետաղի ջարդոնների թագուհին» հեռուստանովելն է եղել։ Նկարահանվել է նաև ֆիլմերում՝ «Առաջին ուղևորություն» (1972թ.), «Ջրային խխունջի ծաղիկը» (1988թ.), «Պոլիկարպո Կուարեժմա, Բրազիլիայի հերոս» (1998թ.): 1997թ. ստացել է մրցանակ հեռուստատեսության մեջ կնոջ լավագույն դերի համար՝ Ֆիլոմենա Ֆերետոյի կերպարը «Նոր զոհը» հեռուստասերիալում ներկայացնելու համար։ Մահացել է Ռիո Դե Ժանեյրո քաղաքում: