Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: Սկզբում հանդես է եկել ինքնագործ խմբերում: 1926թ-ից հաստատվել է Երևանում: 1926-55թթ եղել է Հայաստանի ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի, 1955-67թթ՝ Հայֆիլհարմոնիայի մեներգչուհի: Նրա ուսուցիչներից է եղել կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը: 1939թ. և 1956թ. մասնակցել է Մոսկվայում կայացած Հայ արվեստի տասնօրյակներին: Կատարել է հայկական, իրանական, ադրբեջանական ժողովրդական և աշուղական երգեր, ինչպես նաև` հայ կոմպոզիտորների երգեր ու ռոմանսներ: Եղել է Շերամի երգերի լավագույն կատարողներից՝ «Քեզանից մաս չունիմ», «Շորորա», «Դու իմ մուսան ես» և այլն: 1960թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: