Ծնվել է 1946թ. օգոստոսի 1-ին, Բեյրութում: Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի քույրն է: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, ընդունվել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, որտեղ չորս տարի սովորելուց հետո, ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Ուսանողական տարիներին նախկին ԽՍՀՄ քաղաքներում մասնակցել է երիտասարդ երգահանների փառատոներին` կատարելով երիտասարդ երգահանների ատոնալ վոկալ գործերը, որոնք գրվում էին հենց իր ձայնի համար: Եղել է մի շարք կոմպոզիտորների երկերի առաջին կատարողը` Գեղունի Չթչյանի, Ռուբեն Սարգսյանի, Յուրի Հարությունյանի, Հրաչյա Մելիքյանի, Մարտին Վարդազարյանի, Մարտուն Իսրայելյանի և եղբոր` Տիգրան Մանսուրյանի վոկալ շարքերի առաջին կատարողը: Բազմիցս ելույթներ է ունեցել պրոֆեսոր Ռոբերտ Աթայանի նվագակցությամբ` լինելով կոմիտասյան մի շարք երգերի առաջին մեկնաբանողը, նաև առաջին և միակ կատարողը Կոմիտասի անավարտ «Անուշ» օպերայի: 1974թ. ավարտել է կոնսերվատորիան և ընդունվել աշխատանքի Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես մեներգչուհի: Երգել է բազմաթիվ օպերաներում, որոնցից են` Ջ.Վերդիի «Դոն Կարլոս» (Էլիզաբեթ), «Տրուբադուր» (Լեոնորա), «Աիդա» (Աիդա), Ռ.Լեոնկավալոյի «Պայացներ» (Նեդդա), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Շուշան), «Անուշ» (Անուշ) և այլն: Վերջին դերերգը կատարել է նաև Թբիլիսիի օպերային թատրոնում, Հովհաննես Թումանյանի ծննդավայր Լոռիում և 1989թ.` ԱՄՆ-ում: Բազմիցս մենահամերգներ է ունեցել Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում` ծրագրում եվրոպական երգահանների կողքին ունենալով Կոմիտաս, հոգևոր միջնադարյան երգեր, հայ երգահանների ստեղծագործություններ: Բնակվում է Ավսրտրալիայի Սիդնեյ քաղաքում և հանդիսանում է Սիդնեյ Օպերա Հաուսի մենակատար, ուր հանդես է գալիս այնպիսի օպերաներում, ինչպիսիք են` Ջ.Պուչչինիի «Տուրանդոտ» (Լիու), «Տոսկա» (Ֆլորիա Տոսկա), «Բոհեմ» (Միմի), Ջ.Վերդիի «Աիդա» (Աիդա), «Օթելլո» (Դեզդեմոնա), «Դոն Կառլոս» (Էլիզաբեթ Վալուա), «Սիմոն Բոկանեգրա» (Ամելի Գրիմալդի), «Ճակատագրի ուժը» (Լեոնորա), «Դիմակահանդես» (Ամելիա), Լ.Յանաչեկի «Կատյա Կաբանովա» (Կատյա Կաբանովա), «Ենուֆա» (Կոստանիչկա), Պ.Մասկանիի «Գեղջկական ասպետություն» (Սանտուցցա), Ս.Պրոկոֆևի «Սերն առ երեք նարինջներ» (Ֆատա Միրգանա), Ռ.Վագների «Տանհոյզեր» (Էլիզաբեթ), «Պարսիֆալ» (Կունդրի), «Տրիստան և Իզոլդա» (Իզոլդա), Ջորդանոյի «Անդրե Շենյե» (Մադլոն) և այլն: Զուգահեռ դասավանդում է Սիդնեյի կոնսերվատորիայում` օտարզգիներին ծանոթացնելով հայկական երգարվեստի հետ: Նրա շնորհիվ բազմաթիվ օտարազգի երիտասարդ երգիչների երգացանկերում տեղ են գտել Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Ռոմանոս Մելիքյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի և այլ հայ երաժիշտների ստեղծագործություններ: 2010թ. պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության Կոմիտասի անվան մեդալով: 2015թ. արժանացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վաստակավոր պրոֆեսորի կոչման և ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: