Zark Foundation

Արա Ասատուրյան

Արա Ասատուրյան

Պարուսույց

Ծնվել է 1976թ. հունվարի 26-ին, Երևանում: Բալետի արտիստ, պարուսույց Էլվիրա Մնացականյանի և պարուսույց, բեմադրիչ Աշոտ Ասատուրյանի որդին է: 1992-97թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում՝ ստանալով անգլերեն թարգմանիչ-քաղաքագետի որակավորում: Ավարտելուց հետո աշխատանքի է անցել որպես թարգմանիչ: 2000թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը: 2005թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի բաժին և այդ ժամանակից ի վեր բեմադրական գործունեություն է ծավալել: 2011թ. վերապատրաստվել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի բալետմայստերական բաժնում: 2005-11թթ բեմադրել է մի շարք պարային համարներ և ներկայացումներ՝ «Վիրտուալ աշխարհից այն կողմ» («Գիսանե» երիտասարդական թատերական փառատոնի «Լավագույն ներկայացում» մրցանակ), «Երազներ հայրենիքի մասին», «Չարենց» (Ռ.Դավոյանի «Ուրեն մնացյալ դերասանները» պոեմի հիման վրա), «Գիտցեք որ դեռ կենդանի եմ»: 2012թ. Երևանի օպերային թատրոնում մասնակցել է «Երիտասարդ խորեոգրաֆներ» նախագծին: Բեմադրություններ է իրականացրել Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի, Արինա Արարատյանի «Պատկերներ ցուցահանդեսից» պարային ստուդիայի, Նորքի Հայորդաց տան «Նարեկ» պարային համույթի, ԼՂ պարի պետական համույթի համար: 2013թ. համագործակցել է Արմեն Մելիքսեթյանի հետ՝ «Կույրերը» ռոք-օպերայի բեմադրության շրջանակներում, Ժիրայր Դադասյանի հետ՝ Ա.Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի բեմադրության (Շուշի) շրջանակներում և մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես» նախագծի երրորդ եթերաշրջանին, որպես պարուսույց: 2014թ. բեմադրել է «Աղջիկը և մահը» պարային ներկայացումը, Շուշիում բեմականացված Ա.Տերտերյանի «Կրակե օղակը» օպերայի պարերը: 2015թ. մասնակցել է «Ուր է մահ հաղթությունը քո...» պլաստիկ դրամայի, «Կարմեն» օպերայի, «Մեդեա» ներկայացուման, 2016թ.՝ «Տեսիլաժամեր» պարային, «Հոգիս» պլաստիկ-երաժշտական ներկայացումների, Աստոր Պիացոլայի «Մարիա դե Բուենոս Այրես» տանգո-օպերետայի բեմականացումներին: Նույն թվականին որպես դերասան հանդես է եկել Տ.Ռուժևիչի «Զվարճալի ծերունին» մոնո-ներկայացմանը և «Բարեկամություն» պարային համույթի համար բեմադրել է «Հարության մեղեդի» համարը: 2017թ. որպես դերասան հանդես է եկել Ն.Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» մոնո-ներկայացմանը, մասնակցել է «Սասունցի Դավիթ» օպերայի (Հ.Ստեփանյան), «Ամեն» էպիկական երաժշտապլաստիկ դրամայի, «Մեր խոստումը» բալետի, «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացաման բեմականացումներին: Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: