Ծնվել է Երևանում։ Եղել է ջութակահար Հրաչյա Բոգդանյանի որդին։ Ավարտել է Երևանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցը, 1972թ․՝ Մոսկվայի Պ․Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը (Դ.Օյստրախի դասարան)։ 1968թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1995թ-ից՝ Մոսկվայի Պ․Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր) և Ֆրեդերիկ Շոպենի անվան երաժշտական քոլեջում։ Վարպետության դասեր է վարել Հարավային Կորեայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Ռուսաստանի Դաշնությունում։ 1968թ-ից հանդես է եկել մենահամերգներով, իսկ 1975թ-ից՝ եռյակի կազմով շրջագայել է Բուլղարիայում, Իսպանիայում, Ալժիրում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլուր։ Հեղինակել է գիտամեթոդական ձեռնարկներ՝ «Երաժշտական հիշողության հարցեր» (1977թ․) և այլն, կազմել է «Սպենդիարով՝ 5 պիես» (մշակում, 1976թ․), «Պագանինի։ Կապրիսներ՝ դաշնամուրի նվագակցությամբ», «Հայ կոմպոզիտորների պիեսների ժողովածու» (1982թ․) ժողովածուները։ 1968թ․ դարձել է Սոֆիայի միջազգային մրցույթի հաղթող, իսկ 2003-05թթ՝ Ռուսաստանի կատարողական արվեստի հիմնադրամի մրցանակի դափնեկիր։ 2006թ․ արժանացել է Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Մոսկվայում։