Zark Foundation

Արա Հարությունյան

Արա Հարությունյան

Քանդակագործ

28 մարտ, 1928 - 28 փետրվար, 1999

Ծնվել է Երևանում: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1974թ-ից դասավանդել է նույն ինստիտուտում (1988թ-ից` պրոֆեսոր): Գրաֆիկական և պլաստիկ արտահայտչամիջոցներով ստեղծել է մոնումենտալ ձևերի մեջ ընդհանրացված կերպարներ` «Առյուծ» (1958թ., Գեղարդ, կոփածո պղինձ, ճարտարապետ` Ռ.Իսրայելյան), «Մայր Հայաստան» (1967թ., Երևան, կոփածո պղինձ, ճարտարապետ` Ռ.Իսրայելյան), 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկներին նվիրված հուշակոթող Սևաստոպոլում (1961թ., կոփածո պղինձ, գրանիտ, ճարտարապետ` Ջ.Թորոսյան), աղբյուր-հուշարձաններ` «Սայաթ-Նովա» (1963թ., Երևան, մարմար, ճարտարապետ` Է.Սարապյան), «Երևան-Կարրարա» (1964թ., Կարրարա, 1965թ., Երևան, տուֆ), Երևանի հյուսիսային և հարավային մուտքերը` «Վահագն Վիշապաքաղ» (1965թ., տուֆ, բազալտ) և «Արծիվ շինարար» (1966թ., տուֆ, կոփածո պղինձ): Առաջիններից է Հայաստանում ստեղծել քանդակագործության, ճարտարապետության, բնապատկերի տարածական համալիրներ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնի մուտքի հարթաքանդակները (1966թ., տուֆ), Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը, (1972թ., տուֆ), «Ծովահարս» բարձրաքանդակը (1976թ., տուֆ), Սարդարապատի հուշահամալիրը (1968թ., տուֆ, բազալտ, Արմավիրի մարզ): Հեղինակ է նաև հասարակական շենքերի` թեմատիկ կոմպոզիցիաներով ներքին և արտաքին քանդակազարդումների («Էրեբունի» թանգարան, 1968թ., տուֆ): Գործերից են նաև` «Մուսալեռ» (1975թ., տուֆ, ճարտարապետ` Ռ.Իսրայելյան) հուշակոթող-թանգարանը, Կոմիտասի հուշարձանը (1988թ., բրոնզ, գրանիտ, Երևան), դիմաքանդակներ («Մհեր Մկրտչյան», 1979թ., բրոնզ, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահ) և այլն: Հաստոցային գործերից են` «Անիի կործանումը», «Սպասում» (երկուսն էլ` 1982թ., բրոնզ) և այլն: Գործերից պահվում են ՀԱՊ-ում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի, Սանկտ Պետերբուրգի ռուսական արվեստի թանգարաններում: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Երևանում (1963թ., 1982թ.), Մոսկվայում (1983թ.): 1988թ-ից եղել է ՌԴ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս: 1977թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: