
Քանդակագործ
7 ապրիլ, 1902 - 13 հունիս, 1969
Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1919-21թթ սովորել է տեղի գեղարվեստի վարժարանում, որտեղ հանդես է եկել ինքնուրույն դիմաքանդակներով, հայկական կոտորածների և առաջին համաշխարհային պատերազմի ազդեցությամբ` ողբերգական թեմաներ պատկերող կոմպոզիցիաներով: 1921-24թթ շարունակել է ուսումը Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դպրոցում` դիմաքանդակներով մասնակցել տեղի նկարիչների Kunst-gemeinschaft ընկերության ցուցահանդեսներին: Ավստրիայում ստեղծել է «Ռիխարդ Ռոբերտ» (1922թ.), «Կարլ Վայգել» (1922թ.), «Հեղինե Զատեյան» (1923թ.), դիմաքադակները, «Լուռ վիշտ» (1923թ.) կոմպոզիցիան, որոնք 20-րդ դարի հայկական քանդակագործության ինքնատիպ և լավագույն գործերից են: Կոմպոզիցիոն ստեղծագործություններում («Տառապանք», կավ, 1922թ., չի պահպանվել, «Լուռ վիշտ», մարմար, 1923թ.) շարունակել է ողբերգական սյուժեները` ռոդենյան ոճի պլաստիկական լուծումներով։ 1924թ. Վիեննայում ստացել է խորհրդային քաղաքացիություն և 1925թ. տեղափոխվել է Երևան: 1926թ. կազմակերպել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ընկերակցության հայկական մասնաճյուղը և ընտրվել նախագահ: 1925-30թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում: 1945թ. նրա ղեկավարությամբ հիմնադրվել է Երևանի գեղարվեստական ինստիտուտը (այժմ` Երևանի գեղարվեստի ակադեմիա), որտեղ մինչև 1959թ. եղել է ռեկտորը, ապա` ամբիոնի վարիչ, արվեստանոցի ղեկավար (1947թ-ից` պրոֆեսոր): 1932-37թթ եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահը: 1920-30թթ ստեղծել է «Վահան Թոթովենց», «Մանուկ Աբեղյան», «Հրաչյա Աճառյան», «Մարիամ Ասլամազյան», «Միքայել Նալբանդյան», «Թորոս Թորամանյան», «Ալեքսանդր Շիրվանզադե», «Սուրեն Սպանդարյան», «Նաիրի Զարյան», «Ալեքսեյ Ջիվելեգով» դիմաքանդակները: Ստեղծել է նաև «Մայիսյան ապստամբության հերոսներին» հուշարձանի (1931թ.) մոնումենտալ հարթաքանդակները: Ընդգծված արտահայտչականությամբ առանձնանում են Նիկողայոս Տիգրանյանի և Ալեքսանդր Մելիք-Փաշայանի փայտաքանդակները (երկուսն էլ` 1934թ.)։ 1942թ. Կիրովականում (այժմ` Վանաձոր) տեղադրվել է նրա լավագույն գործերից` Սերգեյ Կիրովի հուշարձանը (1992թ. հանվել է): 1943թ. ստեղծել է իր կոմպոզիցիոն մտահղացումների գլուխգործոցը` «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» քանդակը (գիպս` 1943թ., փայտ` 1950թ.): Հետպատերազմյան շրջանում կերտել է դիմաքանդակների շարք` «Ստեփան Շահումյան» (1949թ.), «Վարդան Աճեմյան» (1954թ.), «Րաֆֆի» (1957թ.), «Վալերի Բրյուսով» (1967թ.) և այլն, նաև` բազմաթիվ մոնումենտալ քանդակներ՝ «Հովհաննես Թումանյան», «Ալեքսանդր Սպենդիարյան» (համահեղինակ՝ Ղուկաս Չուբարյան, երկուսն էլ՝ 1957թ., Երևանի օպերայի և բալետի թատրոնի առջև): 1959-60թթ Հայաստանի ԳԱ նիստերի դահլիճում ու Երևանի բժշկական ինստիտուտում տեղադրվել են նշանավոր գիտնականների և բժիշկների բարձրաքանդակ պատկերաշարերը։ Բազմաթիվ են նրա ստեղծած մոնումենտները, որոնցում ներդրված նշանակալից գաղափարները հաճախ ընդհանրացված են համապատասխան ծավալաձևերով: Կոմպոզիցիոն գործերից են նաև դրամատիկական պաթոսով առլեցուն «Հիրոսիմա»-ն (բրոնզ, 1957թ.), «Տաթև»-ը (գիպս, 1962թ.), երկու կողմից դիտվող «Այգեկութ» ֆրիզը (գիպս, 1960թ.), ռիթմական հնարամիտ խմբավորում ունեցող «Սևան» բարձրաքանդակը (գիպս, 1961թ.)։ Քանդակագործը հայ կերպարվեստում լուրջ վաստակ ունի նաև որպես բեմանկարիչ։ Երևանի ու Լենինականի (այժմ` Գյումրի) թատրոններում ձևավորել է Ն.Շապովալենկոյի «Սև գնացք», Ա.Լունաչարսկու և Ս.Դեյչի «Նապոլեոնի արշավանքը», Գ.Սարյանի «Աչք» (երեքն էլ` 1931թ.), Հ.Պարոնյանի «Պաղաասար աղբար» (1933թ. և 1954թ.), «Մեծապատիվ մուրացկաններ» (հեղինակակից` Մ.Արուտչյան), Սլավինի «Ինտերվենցիա» (երկուսն էլ` 1934թ.), Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» (1941թ.), Շեքսպիրի «Համլետ» (1942թ.)։ Ճանաչվել է որպես Հակոբ Պարոնյանի լավագույն նկարիչ-մեկնաբանը հայ բեմում: Եղել է ՀԽՍՀ 2-րդ և 3-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, 1958թ-ից` ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ: 1962թ. Երևանում, 1968թ. Սոսկվայում կազմակերպվել են նրա անհատական ցուցահանդեսները։ Պարգևատրվել է «Պատվո նշան» և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով: 1963թ. արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչման, 1970թ.` Հայաստանի Պետական մրցանակի (հետմահու): Մահացել է Երևանում: 1973թ-ից Երևանում բացվել է Արա Սարգսյանի տուն-թանգարանը։