Ծնվել է 1959թ. նոյեմբերի 16-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1989-96թթ եղել է «Սփյուռք» հրատարակչության հիմնադիր տնօրենը: Գրողի բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում: 1988թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 2003թ-ից աշխատում է «Գրական թերթ» պարբերականի խմբագրությունում և դասավանդում է «Հրաչյա Աճառյան» համալսարանում: Լույս են տեսել նրա «Բնակավայր ճանապարհին» (1986թ.), «Այլընթաց» (1993թ.), «Տարաժամ» (1995թ.), «Մերկասառույց» (1996թ.), «Վերամուտ» (2003թ.), «Շողէջ» (2004թ.), «Միջօրեի բանաստեղծություններ» (2006թ.), «Հնգամարտ» (կատակերգություններ, 2014թ.), «Հեռանկար» (գեղանկարչական աշխատանքների կատալոգ, 2003թ.) գրքերը: Կազմել և խմբագրել է սփյուռքահայ մի շարք նշանավոր բանաստեղծների, գրողների ստեղծագործությունների ժողովածուները (Ահարոն Տատուրյան, Նիկողոս Սարաֆյան, Կարո Փոլադյան, Զապել Եսայան, Նշան Պեշիկթաշլյան և ուրիշներ): Արևելահայերենից արևմտահայերենի է վերածել Արմեն Սարգսյանի «Հայկական ժողովրդական առակներ» պատկերազարդ ժողովածուն: Հեղինակել է նաև գեղանկարչական աշխատանքներ, որոնք գտնվում են Մերձավոր Արևելքի, ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում: 2003թ. արժանացել է մանկական գրականության համահայկական մրցանակաբաշխության երկրորդ մրցանակին (պոեզիա): 2009թ. «Վերամուտ» գրքի համար արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական մրցանակի: 2013թ. «Արիի ճամփորդությունը այբբենարանում» ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակին: