Zark Foundation

Արթուր Ասատրյան

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

Ասատուր Ասատրյան
Ծնվել է 1960թ. մայիսի 30-ին, Երևանում: 1967-79թթ սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 1980-85թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` ալտահար, նվագախմբի մենակատար և դասատու որակավորմամբ: 1985-87թթ աշխատել է Արտաշատի Նորաշեն գյուղի երաժշտական դպրոցում` որպես դասատու: Այդ տարիներին աշխատել է նաև Երևանի կոնսերվատորիայում` որպես համերգային գործունեության բաժնի պետ: 1987-92թթ դասավանդել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում: 1995-2019թթ եղել է Հայաստանի Երգի պետական թատրոնի տնօրենը: Իր տնօրինության օրոք նախաձեռնվել և անց են կացվել «Ասուպ» ամենամյա մրցանակաբաշխությունը, «Ընծա» ամենամյա համահայկական մրցույթ-փառատոնը (ԼՂ), «Փյունիկ» հաշմանդամ երեխաների համար կազմակերպված համերգները, համերգաշար ՀՀ և ԼՂ զորամասերում, ԼՂ անկախության և Շուշիի ազատագրման տարելիցին նվիրված համերգ-միջոցռումները, «Մենք վերանորոգում ենք մեր թատրոնը» խորագրով 10 համերգ Երևանի Ա.Խաչատրյանի համերգասրահում: 1997թ-ից եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի պրոդյուսերը: Իր պրոդյուսերական աշխատանքի շնորհիվ թողարկվել են նվագախմբի երեք ձայնասկավառակները, որոնցից երկուսը ԱՄՆ-ում «Armenian Music Awards» մրցանակաբաշխությանը արժանացել են մրցանակների` առաջինը` «Լավագույն հավաքածու», երկրորդը` «Լավագույն ֆոլկ-ջազ» անվանակարգերում: Եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնում կայացած Ա.Լևոնյանի, Շ.Պետրոսյանի, Արամոյի, Է.Պետրոսյանի, Զ.Բաբայանի թատերականացված մենահամերգների պրոդյուսերը: Այդ տարիներին կազմակերպել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի և ԱՄՆ-ի հայազգի ճանաչված երգիչների երկու համերգ ԱՄՆ-ի «Ալեքս» թատրոնի համերգասրահում: 2008թ-ից եղել է Ինգա և Անուշ Արշակյանների պրոդյուսերը: Նույն թվականին հայկական ջազի 70-ամյակի առթիվ բացվել է «Հայկական ջազը 70 տարեկան է» հասարակական կազմակերպություն, որի տնօրենն է եղել: Որպես պրոդյուսեր հանդես է եկել մի շարք միջոցառումներում և համերգներում` «Հայկական Ջազ 70», «Մարտին Վարդազարյան-70», համաշխարհային համբավ ունեցող աստղերի` Ջերի Բերգոնզիի, Ալ Ջերոյի, Նինո Կատամաձեի, Գեորգի Գարանյանի, Իգոր Բուտմանի, Ջորջ Բենսոնի, «Շակատակ» խմբի մենահամերգներ, «Կոստանտին Օրբելյան-80» և այլն: 2010թ. կազմակերպել է Տիգրան Համասյանի մենահամերգը Երևանում: 2007թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով: 2011թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: