Ծնվել է 1980թ. դեկտեմբերի 9-ին, Մոսկվայում: 1997-2002թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և դաշնամուրի բաժիններում` Ստեփան Ռոստոմյանի և Ելենա Աբաջյանի դասարաններում: Ավարտել է նաև ասպիրանտուրան` կոմպոզիցիա և երաժշտագիտություն մասնագիտություններով: Միաժամանակ վարպետության դասեր է ստացել արտասահմանում` մասնագիտանալով ժամանակակից դաշնամուրային երաժշտության կատարման մեջ` մասնավորապես որպես Շվեյցարիայի «Lucerne Festival Academy»-ի անդամ (2003-05թթ), ինչպես նաև Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում` «Ensemble Recherche»-ի ղեկավարությամբ (2007թ.): 2005թ. ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան` 20-րդ դարի երաժշտության մեջ ձեն բուդդիզմի փիլիսոփայությանը նվիրված ատենախոսության համար: Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Հայաստանի Ամերիկյան համալսարանում: ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող է: Բազմիցս հանդես է եկել որպես ժամանակակից երաժշտության կատարող: Շվեյցարական «Laboratorium» միջազգային անսամբլի և հայ-վրացական «Convergence» նոր երաժշտության անսամբլի հիմնադիր անդամներից է: Համագործակցել և ելույթ է ունեցել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Պիեռ Բուլեզը, Ռոհան դը Սարամը, Քիմ Քաշքաշյանը, Անյա Լեխները, Թոնի Արնոլդը, Տիգրան Մանսուրյանը, Մովսես Պողոսյանը, «Seattle Chamber Players» խումբը և շատ ուրիշներ: Նրա ստեղծագործությունները կատարվել են բազմաթիվ երկրներում անցկացված միջազգային փառատոներում և այլ համերգներում, այդ թվում` Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում, Իտալիայում, Կանադայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Կիպրոսում, Լիբանանում, Իրանում և այլուր: