Ծնվել է 1988թ. մայիսի 24-ին, Երևանում: Դերասանուհի Նազիկ Բաղդասարյանի ամուսինն է: 2004-10թթ ուսանել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում, 2010-12թթ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի կառավարման ֆակուլտետում` Ռուբեն Ջաղինյանի արվեստանոցում: Եղել է ԵՊՀ գրական ստուդիայի անդամ ու արժանացել «Լավագույն երիտասարդ ստեղծագործող» և այլ մրցանակների: 2010թ. արժանացել է «Կարապենց» ամենամյա գրական մրցույթի 1-ին մրցանակին: Եղել է ԵՊՀ համալսարանական թատրոն-ստուդիայի կողմից բեմադրված «Ընկեր Բ. Փանջունի» պիեսի հեղինակը և գլխավոր դերակատարը: Գրել է նաև սցենարներ հեռուստանախագծերի («Դեպի կինո», 2012թ.), ֆիլմերի համար, որոնցից է «Ոչ սովորական աշխարհ» կարճամետրաժ ֆիլմը, որտեղ եղել է նաև գլխավոր դերակատարը: 2012թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` «Գնա մեռի, արի սիրեմ» (Դավիթ), «Խաթաբալա» (Կինտո Սարգիս), «Սիրո զոհերը» (Վանյա), «Տեր, մի թող մեզ անտեր» (Սիրեկան), «Մորգանի խնամին» (Մատուցող), «Կարինե» օպերետ (Բաս), «Եդեմական ծաղիկը» (Հայր), «Խեղկատակի ուրախ հեքիաթը» (Դիվանա), «Հրեշը լուսնի վրա» (Արամ Թոմասյան), «Ընկեր Բ. Փանջունի» (Փանջունի), «Ոտքի, դատարանն է գալիս» (Թալեաթ փաշա) և այլն: 2018թ-ից վարում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Բարև երկիր» առավոտյան հաղորդումը: