Ծնվել է Երևանում: 1957թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1957թ-ից աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1969-86թթ եղել է տիպային նախագծման արվեստանոցի ղեկավարը, 1990թ-ից` գլխավոր ճարտարապետը, 1986-89թթ` ՀՀ պետշինի նախագահի առաջին տեղակալը: 1968թ-ից դասավանդել է Երևանի պետական ճարտարաշինարարական համալսարանում (1993թ-ից` պրոֆեսոր): Համահեղինակների հետ ճարտարապետի նախագծերով Երևանում կառուցվել են ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունների ինստիտուտի մասնաշենքերը (1955-72թթ), «Այրարատ» կինոթատրոնը (1970-74թթ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ` 1979թ.) Երիտասարդության պալատը (1970-85թթ, ՀամԼԿԵՄ մրցանակ` 1981թ.), «Զվարթնոց» օդանավակայանը (1981թ., Հայաստանի Պետական մրցանակ` 1985թ.), Մարզահամերգային համալիրը (1984թ., ԽՍՀՄ Պետական մրցանակ` 1987թ.), «Էրեբունի-3» բնակելի միկրոշրջանը և այլն, շուրջ 2 տասնյակ հուշարձաններ Երևանում` Հայոց Մեծ եղեռնի զոհերի (1967թ.), Մարտիրոս Սարյանի (1986թ.), Դիլիջանում` Խորհրդային Հայաստանի 50-ամյակի (1970թ.), Հայրենական պատերազմում զոհվածների (Դսեղ, Տաթև, Բազմաբերդ և այլուր), Գյումրիում` Շառլ Ազնավուրի (2001թ.) և այլն: 1962թ. և 1968թ. պարգևատրվել է Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության, Խորհրդային ճարտարապետության 1973-77թթ նվաճումների, 1982թ.` «Տարվա լավագույն կառույց» ոսկե մեդալով, 1985թ.` «Տարվա լավագույն ստեղծագործություն» համամիութենական ստուգատեսների դափնեկրի կոչումով, 1998թ.` ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալով: 1980-89թթ եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, 1992թ-ից` Ճարտարապետությաև միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի, 1996թ-ից` Հայաստանի ճարտարապետների ակադեմիայի պատվավոր անդամ: 1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1987թ.` ժողովրդական ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: