Zark Foundation

Արթուր Իսպիրյան

Արթուր Իսպիրյան

Երգիչ

Ծնվել է 1962թ. օգոստոսի 15-ին, Երևանում: 1969-79թթ սովորել է Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում: Ավարտել է Երևանի պետական պոլիտեխնիկական համալսարանի ինժեներական ֆակուլտետը: 1988թ. սկսել է երաժշտական գործունեությունը` կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի աջակցությամբ: 1989թ. Տալլինում Վահագն Հայրապետյանի հետ հանդես է եկել մենահամերգով: 1992թ. Արթուր Գրիգորյանի և Տաթևիկ Հովհաննիսյանի հետ Լոս Անջելեսում հանդես է եկել համերգային ծրագրով, իսկ 1996թ. ներկայացել է համերգով Էլվինա Մակարյանի հետ: 1998թ. արժանացել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին: Թողարկել է «Colors of StevieLand» (1999թ.), «Երեք մոմեր» (2001թ.), «Ասում են, թե» (2003թ.), «Art & Ispace» (2005թ.), «Ջազավանս» (2005թ.), «Ռադիո Երևան» (2008թ.), «In/spiration» (2009թ.), «Once Upon a Time in Yerevan» (2012թ.) ձայնասկավառակները: Լոս ԱՆջելեսի հայկական ամենամյա երաժշտական մրցանակաբաշպխության ժամանակ նրա թողարկած սկավառակներից չորսը («Երեք մոմեր», «Ասում են, թե», «Ջազավանս», «Ռադիո Երևան») արժանացել են «Տարվա լավագույն ալբոմ» մրցանակին (2001թ., 2003թ., 2005թ., 2008թ.): Արժանացել է մի շարք այլ երաժշտական մրցանակների: Համերգային ծրագրերով հանդես է եկել Հայաստանի մարզերում, ԱՄՆ-ում և այլուր: 2010թ. Մոսկվայում մասնակցել է «Կարոտ» փառատոնին և արժանացել մրցանակի: Բազմիցս ելույթներ է ունեցել Հայաստանի պետական ջազային և Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբերի հետ: 2002թ. եղել է Արտեմի Այվազյանի 110-ամյակին նվիրված ֆիլմ-համերգի պրոդյուսերը: Նկարահանել է մի շարք տեսահոլովակներ, իսկ 2004թ.՝ շուրջ 30 րոպե տևողությամբ կինոհամերգ՝ «Կարինե», «Երևան», «Երանի թե», «Ուշացած ժամադրություն» երգերի հիման վրա: Կատարել է մի շարք աշխարհահռչակ երգիչների cover երգեր: Ունի ավելի քան 4000 հին ձայնասկավառակների հավաքածու: 2018թ-ից Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ է: