Ծնվել է 1999թ. փետրվարի 12-ին, Վանաձորում: 2013թ. ավարտել է Վանաձորի Ա.Գրիբոյեդովի անվան թիվ 11 հանրակրթական դպրոցը: 2013-17թթ սովորել է Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի փողային բաժնում: 2016թ. մասնակցել է Գյումրիի «Վերածնունդ» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնին, որտեղ արժանացել է առաջին մրցանակին: Ուսմանը զուգահեռ հաճախել է նաև վոկալի դասընթացների: Որպես երգիչ և երաժիշտ հանդես է եկել մի շարք խմբերում: 2017-19թթ ծառայել է ՀՀ զինված ուժերի նվագախմբում: Ծառայության ընթացքում որպես երաժիշտ հանդես է եկել բազմաթիվ պետական միջոցառումներին և համերգային երեկոներին, այդ թվում նվագել է Աբու Դաբիում կայացած «IDEX» ցուցահանդես-վաճառքի ժամանակ, որին պետական մակարդակով մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետությունը: 2019թ-ից որպես տրոմբոնահար աշխատում է Հայաստանի պետական ջազ նվագախմբում: Համագործակցել է մի շարք երաժշտական խմբերի հետ: 2020-22թթ աշխատել է Հայաստանի երգի պետական թատրոնում՝ որպես դաշնակահար և նվագախմբի ղեկավար: Նույն թվականին թատրոնի նորաստեղծ նվագախմբի հետ նվագել է Էլվինա Մակարյանի 70-ամյա հոբելյանին նվիրված «Էլվինա 70» համերգին, իսկ 2021թ.՝ «Առնո Բաբաջանյան 100» ծրագրի շրջանակներում մի շարք համերգներով հանդես է եկել ՀՀ սահմանամերձ համայնքներում և Երևանում: Նույն թվականին Հայաստանի երգի պետական թատրոնի կողմից արժանացել է շնորհակալագրի: