Ծնվել է 1982թ. նոյեմբերի 30-ին, Երևանում: 16 տարեկան հասակից սկսել է նվագել կիթառ: 2005թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ժողովրդական գործիքների բաժինը` ուդ գործիքով: 2003-05թթ նվագել է «Սարդ», «Ginny Style», 2002-07թթ` «Army of God», 2005-07թթ` «Gor & friends», 2007-09թթ` «Է.Վ.Ա.» խմբերում: 2010թ-ից հանդիսանում է «Alien Time» և «Ռեյնկարնացիա» խմբերի անդամ: Համագործակցել է հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` Սոնա Շահգելդյան, Ռուբեն Հախվերդյան, Սիլվա Հակոբյան և այլն: Հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում «Ռեյնկարնացիա» խմբի, Սիլվա Հակոբյանի, Եվա Սուջյանի հետ: Մասնակցել է հայկական կիթառի և բազմաթիվ ռոք փառատոների: 2011թ. «Ռեյնկարնացիա» խմբի հետ շրջագայել է Եվրոպայի մի շարք երկրներով՝ Գերմանիա, Ավստրիա, Լեհաստան, Էստոնիա և այլն: 2013թ. ելույթ է ունեցել ԱՄՆ-ի հանրահայտ «Dolby Theatre» համերգասրահում՝ «Երգ երգոց» հեռուստանախագծի շրջանակներում: Համագործակցել է հայկական հեռուստաընկերությունների հետ: 2012թ. աշխատել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» նախագծում: Նույն թվականին համագործակցել է նաև «Դորիանս» ռոք-խմբի հետ: 2012-14թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» հաղորդման մեջ: 2012թ-ից երգչուհի Սրբուհի Սարգսյանի և դաշնակահար Սամվել Հովհաննիսյանի հետ համատեղ հիմնել է «Allusion» խումբը, որի կազմում նվագում է նույն թվականից: 2016թ. «Ռեյնկարնացիա» խնբի հետ մասնակցել է հանրահայտ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի «Կուստենդորֆ» փառատոնին, որն անցկացվել է սերբական Դրվենգրադէթնո գյուղում: