Zark Foundation

Արթուր Միտինյան

Արթուր Միտինյան

Կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ

Ծնվել է 1962թ. հունիսի 21-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի բաժինը: 1982-87թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում, իսկ 1996թ-ից ուսումը շարունակել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում` ավարտելով ասպիրանտուրան: Երգել է օպերայում և գրել է երաժշտություն ներկայացումների համար: 1983-86թթ նվագել է «Ասպարեզ» խմբում, որը ռոք ոճում ներկայացնում էր հայկական միջնադարյան երաժշտությունը: 1986թ. մասնակցել է «Դեբյուտ» թատերական ստուդիայի ստեղծմանը, որտեղ երաժշտություն է գրել մի քանի ներկայացումների համար: 1986թ. հիմնադրել է «Այաս» ռոք խումբը, հեղինակել խմբի բոլոր երգերի երաժշտությունները, նվագել ստեղնաշարի վրա: Հանդիսանում է նաև խմբի մեներգիչն ու պրոդյուսերը: Հեղինակել է բազմաթիվ համերգներ, ռոք-բալետներ, օպերային, սիմֆոնիկ, կամերային, եկեղեցական, դաշնամուրային ստեղծագործություններ: Գրել է Պոեմ դաշնամուրի համար (1981թ.), Կվինտետ դաշնամուրի համար (1984թ.), «Միդի թագավորի երազը» օպերան (1984թ.), «Փորձարկում» դրաման (1986թ.), «Երկինք և երկիր» սյուիտը ռոք խմբի համար (1988թ.), «Իփիգենիան Ավլիսում» (1993թ.), «Սեա-Սան» (1994թ.), «Թզուկի մոր երգը» սոպրանոյի, հարմոնիայի և հարվածայինի համար (խոսք՝ Կ.Մայերի, 1998թ.), «Զավեշտալի մարդը» սյուիտը սոպրանոյի և բասի համար (խոսք՝ Ա.Գրաչովի, 1999թ.), «Կնոջ ճակատագիր» 17 ռոմանսները (խոսք՝ Ա.Միրոնովի, 2001թ.), «Ավարայր» սիմֆոնիկ նվագախմբի համար (2001թ.), «Գանձարան» հայ միջնադարի երգահանների երկերի 18 պոլիֆոնիկ մշակումները սոպրանոյի և հարմոնիայի համար (2003թ.), «Beatles Forever» ռոք-բալետը (2006թ.), «Ես և նա» ռոք-օպերան (2014թ.), «Ալ կարմիր առագաստներ» օպերան (2016թ.), 18 եկեղեցական երգ սոպրանոյի և հարմոնիայի համար, երաժշտություններ թատերական ներկայացումների և կինոյի համար և այլն: 1988թ-ից Ռուսաստանի և Հայաստանի կոմպոզիտորների միությունների անդամ է: 2005թ-ից ղեկավարում է «Արմ-Ռեքորդս» ձայնագրման ստուդիան: Բնակվում է Մոսկվայում: