Արիստակես Տևկանց
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Եղել է քաղաքական, եկեղեցական գործիչ Երեմիա Տեր-Սարգսենցի և գրող Սեդրակ Տեր-Սարգսենցի եղբայրը։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել Վարագի Ժառանգավորաց վարժարանը։ 1884թ. եղել է Նարեկավանքի վանահայրը, 1890թ.՝ Տրապիզոնի հայոց հոգևոր առաջնորդը։ 1894թ. կարգվել է Վարագա վանքի վանահայր։ Նրա հրատարակած «Պանդուխտ Վանցին։ Նամակներ, երգեր, առածներ, առեղծվածներ...» (1875թ.) և «Հայերգ» (1882թ.) ժողովածուներում ամփոփված են հայկական ժողովրդական երգարվեստի գողտրիկ նմուշներ, Ֆրիկի, Նահապետ Քուչակի, Թլկուրանցու, Գրիգորիս Աղթամարցու և այլոց տաղերը, նյութեր ժողովրդական կենցաղի վերաբերյալ։ 1896թ. հայկական կոտորածների ժամանակ Վարագում նրան սպանել են թուրքական հրոսակները։