Zark Foundation

Արիս Արսենի

Արիս Արսենի

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Արիս Գրիգորյան
Ծնվել է 1959թ. հունիսի 10-ին, Լեռնային Ղարաբաղի Կոճողոտ գյուղում: 1986թ. ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտը։ 1988-90թթ և 1996թ. աշխատել է որպես ԼՂ հանրային հեռուստատեսության թղթակից: 1990-93թթ եղել է «Արցախ» գրական-գեղարվեստական հանդեսի ավագ խմբագիրը, 1995-2009թթ՝ «Մարտիկ» թերթի թղթակից: 1988թ. խմբագրել է «Մետաքսագործ», 1990-91թթ՝ «Պայքար» (ընդհատակյա), 2009թ.՝ «Ջրաբերդ» (Մարտակերտի շրջանային), 2012-14թթ՝ «Նոր Շահումյան» (Շահումյանի շրջանային) թերթերը: 2013թ-ից ԼՂ կոմունիստական կուսակցության «Արցախի կոմունիստ» ամսաթերթի խմբագիրն է: 1994թ-ից ԼՂ, 2004թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է։ Մասնակցել է Ազգային ազատագրական շարժման ընդհատակյա պայքարին և ղարաբաղյան պատերազմին, վիրավորվել է: Հրատարակվել են նրա շուրջ 20 գրքեր՝ «Ճաքած լռություն» (1993թ., բանաստեղծություններ), «Անդրանիկ, այսինքն՝ առաջամարտիկ» (1993թ., ակնարկ՝ նամակով և բանաստեղծություններով միահյուս), «Ուշացած երկխոսություն Արարատ Ղազարյանի հետ» (1997թ., ակնարկ), «...Եվ այսպիսի ճակատագիր» (1998թ., ակնարկ), «Ղողանջ հիշատակի» (2000թ., ակնարկ), «Լռության րոպե» (2000թ., պոեմ), «Ծովածաղկի աչքեր» (2001թ., բանաստեղծություններ), «Անտառի ձայնից ինչո՞ւ եմ հուզվում...» (2003թ., բանաստեղծություններ), «Զերվոն Վարդանյանի կյանքն ու անմահությունը» (2005թ., վավերագրություն), «Համանվագ» (2005թ., բանաստեղծություններ և պոեմներ), «Ափ» (2007թ., բանաստեղծություններ և պոեմներ), «Չափածո և արձակ երգիծանք» (2008թ., բանաստեղծություններ, մանրապատումներ և ֆելիետոններ), «Արի սիրենք մենք մեկմեկու...» (2008թ., սիրային բանաստեղծությունների հավաքածու), «Վաստակավոր ռացիոնալիզատորը. Հրայր Վանյանի կյանքն ու գործունեությունը» (2009թ., կենսագրական-վերլուծական ակնարկ), «Խիզախման ոգին» (2010թ., փաստավավերագրություն), «Երկերի ժողովածու» (2013թ., բանաստեղծություններ և պոեմներ, գիրք առաջին) և այլն: 2006թ. պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի, 2008թ.՝ ԼՂ «Մայրություն» հիմնադրամի «Մայրական երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին», 2012թ.՝ ԼՂ «Մարտական ծառայություն», 2018թ.՝ ԼՂ «Վաչագան Բարեպաշտ» և մի շարք այլ մեդալներով ու պատվոգրերով, 2004թ. արժանացել է ԼՂ կառավարության Եղիշեի անվան, 2005թ.՝ ԼՂ ժուռնալիստների միության ամենամյա մրցանակներին։