Ծնվել է 1984թ. հոկտեմբերի 21-ին, Հայաստանի Կապան քաղաքում։ 5 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ Մաթեմատիկական ուղղվածություն ունեցող դպրոցում ուսում ստանալուց հետո, կրթությունը շարունակել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում` փորձելով իր ապագան կապել հոգեբան-լոգոպետի մասնագիտության հետ։ Դրան զուգահեռ նաև փորձել է իր ներուժը դրսևորել բազում այլ ասպարեզներում։ Երգի ու երաժշտության նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել դեռ վաղ տարիքից։ 2012թ. դարձել է «Jazz Parking» նախագծի անդամ։ Նույն թվականին հաջողությամբ մասնակցել է նաև միջազգային «The Voice» նախագծի ռուսական տարբերակին։ Կարճ ժամանակահատվածում ճանաչում է ձեռք բերել և սիրվել ոչ միայն Ռուսաստանում, այլև՝ Հայաստանում։ Պարբերաբար հանդես է եկել նոր երգերով ու կատարումներով, որոնց շարքում են եղել ինչպես ժողովրդական և աշուղական մի շարք երգեր («Դու իմ մուսան ես», «Թամամ աշխարհ», «Արի, արի»), այնպես էլ՝ էստրադային («Why», «No fear», «I Say Yes», «Сестры по духу») և այլն։ Մասնակցել է համերգների և երաժշտական փառատոների ոչ միայն Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այլև՝ Հայաստանում։ 2016թ. վերադարձել է Հայաստան և մասնակցել Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» համահայկական երաժշտական նախագծին։ Ողջ նախագծի ընթացքում, ստանալով ժյուրիի և հեռուստադիտողների կողմից ամենաբարձր միավորները և վայելելով երկրպագուների սերը՝ հնարավորություն է ստացել Հայաստանը ներկայացնելու Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայանալիք «Եվրատեսիլ 2017»-ին, որտեղ եզրափակիչ փուլում զբաղեցրել է 18-րդ տեղը: