Ծնվել է Թիֆլիսում: Եղել է քանդակագործ, խեցեգործ Հռիփսիմե Սիմոնյանի որդին: 1958թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1965թ-ից եղել է Երևաննախագիծ ինստիտուտի մախագծերի գլխավոր ճարտարապետը, 1969-74թթ` Հայաստանի ճարտարապետների միության նախագահի առաջին տեղակալը, 1974-92թթ` նախագահը, 1982-86թթ` ՀԽՍՀ պետշինի նախագահի առաջին տեղակալը, 1989-91թթ` ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, 1991թ-ից` ԵՊՃՇՀ քաղաքաշինության ամբիոնի վարիչը (1992թ-ից` պրոֆեսոր): Աշխատանքներից են` Երևանի Հրազդան գետի հանգստի գոտու գլխավոր հատակագիծը (1960-62թթ), Երևանյան լճի համալիրը (1965թ.), Հայաստանի պուրակը` ԺՏՆՑ-ում, (1967թ., Մոսկվա), Երևանի կանաչապատման հեռանկարային նախագիծը (1974թ., հեղինակային խմբի նախագահ), Երևանի կենտրոնի հատակագծման և կառուցապատման մրցութային նախագիծը (1974թ., հեղինակային խմբի հետ), Երևանի լանդշաֆտի կազմակերպումը (1977թ.), Փարիզի «Լա Վիլլետ» զբոսայգու մրցութային նախագիծը (1982թ., հեղինակային խմբի հետ), Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին 150-ամյակի համալիրի մրցութային նախագիծը (1984թ., հեղինակային խմբի հետ): Գրաֆիկայի և ջրաներկ գեղանկարչության անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Երևանում (1960թ., 1966թ., 1976թ., 2005թ.), Մոսկվայում (1968թ., 1979թ.), Թբիլիսիում (1974թ.), Լենինգրադում (1971թ., 1980թ.), Կիևում (1976թ.), Կիտոյում (1990թ.), Սեուլում (1992թ.), Փարիզում (1994թ.): Մի շարք գրքերի, վավերագրական ֆիլմերի սցենարների և ալբոմների հեղինակ է: 1974թ. արժանացել է Համամիութենական մրցույթի 1-ին մրցանակին, 1977թ.՝ Հայաստանի Պետական մրցանակի` Երևանի լանդշաֆտի կազմակերպման համար, 1984թ.՝ ԽՍՀՄ ճարտարապետների միության մեդալի: 1979թ-ից եղել է Վենետիկի Մշակույթի եվրոպական ընկերակցության, 1992թից` Սեուլի Լանդշաֆտային ճարտարապետների միջազգային դաշնության, 1994թ-ից` Ռուսաստանի ճարտարապետության և շինարարության գիտությունների ակադեմիայի արտասահմանյան, 2001թ-ից` Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի արտասահմանյան և Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի անդամ: 1981թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: