Zark Foundation

Արման Կիրակոսյան

Արման Կիրակոսյան

Պատմաբան, պետական գործիչ, դիվանագետ

10 սեպտեմբեր, 1956 - 6 հուլիս, 2019

Ծնվել է Երևանում: Եղել է պատմաբան Ջոն Կիրակոսյանի որդին: 1977թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության և հասարակագիտության բաժինը, որից հետո մի քանի ամիս հայոց պատմություն և հասարակագիտություն է դասավանդել Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղի դպրոցում։ 1980թ. ավարտել է նաև ՀՊՄԻ ընդհանուր պատմության ամբիոնի ասպիրանտուրան։ 1980-86թթ աշխատել է ՀՀ ԳԱ-ում որպես լաբորանտ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող: Եղել է նաև ՀՀ ԳԱԱ գիտական տեղեկատվական կենտրոնի «Հայագիտությունն արտերկրում» խմբի ղեկավարը։ 1986-91թթ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի կոմկուսի կենտկոմում, այնուհետեւ կրկին վերադարձել ՀՀ ԳԱԱ՝ որպես սփյուռքի պատմության և մշակույթի բաժնի ղեկավար։ 1991-94թթ եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը, 1994-99թթ՝ Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, միաժամանակ համատեղելով բալկանյան մի շարք երկրներում ու Կիպրոսում համանուն պաշտոնները, 1999-2005թթ՝ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, 2005-11թթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը։ 2011թ-ից եղել է Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարը, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչը, 2012թ-ից, համատեղության կարգով, Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը։ Հեղինակել է բազմաթիվ գիտական աշխատություններ և հոդվածներ։ Անգլերեն են թարգմանվել և հրատարակվել նրա «Հայկական ջարդերը 1894-96թթ» և «Բրիտանական դիվանագիտությունը և հայկական հարցը» գրքերը։ «Բրիտանական դիվանագիտությունը և հայկական հարցը» գիրքը հայերեն հրատարակվել է 1999թ. և հանդիսացել նաև նրա դոկտորական դիսերտացիան։ Գրքում վեր է հանվում անգիլական դիվանագիտության սկզբունքները և թուրքերի ջարդարարական քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Ներկայացվող փաստացի տեղեկությունները հեղինակը զետեղել է դեռևս 1980-ական թվականներին՝ գրադարաններից և պահոցներից։ Գիրքն անգլերեն վերահրատարակվել է ԱՄՆ-ում գործող «Կոմիտաս» ինստիտուտի կողմից, իսկ վերը նշված «Հայկական ջարդերը 1894-96թթ» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 35 հոդված, հրատարակվել է 2004թ., Դետրոյթի «Վանի» պետական համալսարանի կողմից։ 2011թ. արժանացել է ՀՀ «Մխիթար Գոշ» մեդալի: Մահացել է Երևանում: