Ծնվել է 1975թ. օգոստոսի 26-ին, Երևանում: 1992թ. ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1992-1997թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1991թ. Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում` լինելով «Գործ» հաղորդման համահեղինակն ու հաղորդավարը: 1997-99թթ ժամկետային ծառայություն է անցել ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչությունում` որպես թղթակից և կիրակնօրյա «Զինուժ» հեռուստահաղորդման հաղորդավար` ծրագրի առաջին եթերից: 2000-10թթ ՀՀ ՊՆ համակարգում աշխատել է` որպես քարոզչության և հասարակայնության հետ կապերի քաղաքացիական մասնագետ, ՀՀ ՊՆ ՔՎ «Զինուժ» հաղորդաշարի հաղորդավար: 2001թ-ից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: 2003-04թթ աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում, նախ` որպես հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական, ապա` հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար: 2003թ-ից հանդիսանում է «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի» փոխնախագահը: 2010-11թթ աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում` որպես խորհրդական: 2011թ-ից Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի «Տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի» ղեկավարն է` հիմնադրման օրվանից: Հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ և ուսումնական ծրագրեր, քաղաքական գիտությունների թեկնածու է: Հանդիսացել է զանգվածային հաղորդակցության և հեռուստատեսության բնագավառում իրականացված մի քանի տասնյակ նախագծերի հեղինակն ու ղեկավարը: Հեղինակել է նաև ղարաբաղյան ազատամարտին նվիրված «Կյանքի նյարդը» գիրքը, դարձել գրականության ոլորտում միջազգային մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է «1992-94թթ մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Գարեգին Նժդեհ» մեդալով, անձնական զենքով: 2011թ-ից եղել է «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրենը, 2012-13թթ` «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի գլխավոր տնօրենի տեղակալը, 2013-15թթ՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը, 2016-17թթ՝ Հայաստանի հանրային ռադիոյի տնօրենը, 2017-18թթ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր: