Համբարձում Ճիզմեճյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է ծննդավայրի Սբ. Հովհաննես վարժարանում և Գում-Գափուի «Մայր վարժարանում», 1846-53թթ` Սայրըս Համլինի աստվածաբանական քոլեջում: 1857-58թթ հրատարակել է «Մուսայք Մասյաց» թատերական պարբերականը, 1858թ. հիմնադրել «Հայկազյան ընկերությունը», որը գոյություն է ունեցել մինչև 1861թ.: Այնուհետև Գ.Չիլինկիրյանի հետ հրատարակել է «Ծաղիկ» հանդեսը (մինչև 1862թ.): «Մուսայք Մասյաց»-ում տպագրել է թատերագիտական հոդվածներ և ժամանակին բեմադրված «Արա Գեղեցիկ», «Օղիմպիադա», «Երնջակ» պատմական ողբերգությունները, երկեր, որոնք գալիս էին հակադրվելու հայկական կլասիցիստական ողբերգությանը և հաստատելու նոր՝ ռոմանտիկական դրամատուրգիայի առկայությունը: 1861թ. լույս է տեսել նրա «Էլիզիա»-ն, որը ռոմանտիկական երկրորդ վեպն է արևմտահայ գրականության մեջ (Մինաս Հիսարյանի «Խոսրով և Մաքրուհի» վեպից հետո): 1863թ. հանդես է եկել 4 գրքույկով` «Գարնան ծաղիկներ...», «Գաղտնիք բնության...», «Գերեզմանք երիտասարդաց...», «Աշնան տերևներ...», որոնցում քննել է առողջապահական հարցեր: Գրել է շուրջ 30 բանաստեղծություն, հիմնականում՝ հայրենասիրական բնույթի: Մահացել է Կոստանդնուպոլսում: