Ծնվել է Թիֆլիսում: 1908-10թթ սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, երգել Սպիրիդոն Մելիքյանի ղեկավարած երգչախմբում: 1920թ. ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան: 1936-37թթ կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան մեներգեցողության ստուդիայում: Երգել է Երևանի կոնսերվատորիայի երգչախմբում, որպես մեներգիչ մասնակցել Ալեքսանդր Սպենդիարյանի. ղեկավարած սիմֆոնիկ համերգներին: 1937-41թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ: Հանդես է եկել մի շարք օպերաներում՝ Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո), Հ.Ստեփանյանի «Լուսաբացին» (Սեթո), Ի.Դերժինսկու «Խաղաղ Դոն» (Լիստնիցկի) և այլն: 1942թ-ից եղել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի կազմակերպիչներից և առաջին արտիստներից: Մասնակցել է թատրոնի առաջին ներկայացմանը` Ռ.Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետում կատարելով թագավորի դերը: 1941-52թթ եղել է Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգիչ: Որպես երգիչ մասնակցել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Պեպո» (1935թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Սևանի ձկնորսները» (1939թ.), «Քաջ Նազար» (1940թ.), «Անահիտ» (1947թ.) կինոֆիլմերի նկարահանմանը: Երգչի ձայնն առանձնացել է արտակարգ ջերմությամբ, մեծ արտահայտչականությամբ, թավշյա քնքշությամբ: Նրա կատարմանը բնորոշ էր անմիջականությունը, բնականությունը, զգացմունքային ազատությունը: Առանձին վարպետությամբ և հմայքով է կատարել հայկական ժողովրդական ու աշուղական («Ես սարեն կուգայի», «Պաղ աղբյուրի մոտ», «Առ սիրուհիս»), Կոմիտասի «Կռունկ», «Ախ մարալ ջան», «Անտունի», «Ծիրանի ծառ» երգերը: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1954թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: