Ծնվել է 1967թ. հուլիսի 29-ին, Երևանում: 1984թ. ավարտել է միջնակարգ դպրոցը: 1982թ-ից Հայաստանի պետական հեռուստատեսությունում վարել է մանկապատանեկան հաղորդումներ: 1984թ. ընդունվել է աշխատանքի Հայաստանի Հեռուստառադիոպետկոմ` որպես ռեժիսորի ասիստենտ: 1985թ. տեղափոխվել է հաղորդավարական բաժին և աշխատել մինչ 1997թ.: Վարել է լրատվական, քաղաքական հաղորդումներ, երաժշտական, ժամանցային ծրագրեր, պետական և ազգային տոների պաշտոնական միջոցառումներ: 1985-91թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում` Յուրի Երզնկյանի արվեստանոցում: Ավարտելուց հետո, որոշ ժամանակ դասավանդել է նույն ինստիտուտում: 1990-95թթ հեղինակել է «Խճանկար», «Խաչմերուկ», «Բարի լույս», «Փոստարկղ» և այլ հաղորդումներ: 1996թ. հիմնել է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերությունը և «Արմենակոբ» մշակութային կենտրոնը, որը ծառայել է մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը: Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հոգևոր խորհրդի անդամ է: Անդամակցում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիային և արժանացել է հիշյալ ակադեմիայի ոսկե մեդալի: 2000թ. ստեղծել է «Արմենակոբ» հեռուստաընկերությունը: 1997-2015թթ եղել է Հայաստանի հանրային ռադիոյի, 2010թ.` Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը: 2010թ-ից ղեկավարում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնը: 2016-18թթ եղել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարը: 2006թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: 2009թ. արժանացել է դոցենտի գիտական կոչման, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալի, որից հետո ընտրվել է ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի անդամ: 2015թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: