Արմենակ Իփեկյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է գրող, թատերական գործիչ Գասպար Իփեկյանի եղբայրը և դերասանուհի Եկատերինա Դուրյան-Արմենյանի ամուսինը: Նախնական կրթությունն ստացել է տեղի Պերա թաղամասի հայկական դպրոցում, Բերայի գերմանական դպրոցում, ապա` Կադը գյուղի Մխիթարյան միաբանության գիշերօթիկ դպրոցում: Այնուհետև դարձել է Օրթագյուղի վարժարանի, ապա` Կոստանդնուպոլսի կենտրոնական վարժարանի սան: 1891թ. եկել է Կովկաս և խաղացել Թիֆլիսի հայկական խմբերում: Առաջին անգամ բեմ է բարձրացել Գաստոնի դերով՝ Դյումա-որդու «Քամելիազարդ տիկինը» պիեսում` խաղալով Հովհաննես Աբելյանի, Սիրանույշի հետ: Հաջորդ թատերաշրջանում Սիրանույշի հետ մեկնել է Բաթումի, ապա` արտասահման: Եղել է Փարիզում, Համբուրգում և եվրոպական այլ քաղաքներում: 1894թ. Համբուրգում դիտել է Է.Դուգեի, ապա Ա.Անտուանի թատրոնի, Բրյուսելում` Սառա Բեռնարի ներկայացումները: Փարիզում մեկ թատերաշրջան աշխատել է Սառա Բեռնարի թատրոնում, 1895-97թթ եղել Պոլ Մունեի դրամատիկական ստուդիայի ուսանող, ապա ռեժիսորի օգնական` Փարիզի «Բուֆ դյունոր» թատրոնում, որոշ ժամանակ նաև`«Կոմեդի ֆրանսեզ»-ում` մոտիկից ուսումնասիրելով 19-րդ դարի վերջի ֆրանսիական բեմարվեստի սկզբունքները: 1902թ. «Հայոց դրամատիկական ընկերության» հրավերով մեկնել է Թիֆլիս, բեմադրել Ֆ.Կոպպեի «Կրեմոնիվնա գործը», Ա.դը Մյուսսեի «Վաղաժամ վճիռ» և ֆրանսիական այլ պիեսներ, միաժամանակ խաղացել գլխավոր դերեր: 1902-03թթ եղել է Բաքվի հայկական թատերախմբի ռեժիսորը և դերասան: 1904թ. Նոր Նախիջևանում կազմակերպել է թատերախումբ, շրջագայել Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի ու Ռուսաստանի հայաբնակ վայրերում: Բեմադրել է Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», «Եվգինե», «Արմենուհի», «Կործանվածը», Մուրացանի «Ռուզան», Հ.Պարոնյանի«Պաղտասար աղբար», Վ.Փափազյանի «Ժայռ» պիեսները: 1906թ. մեկնել է Եգիպտոս, որտեղ կազմակերպել է ներկայացումներ: 1908թ. Հովհաննես Աբելյանի հետ ղեկավարել է Աբելյան-Արմենյան թատերախումբը և բազմաթիվ հյուրախաղերով եղել է տարբեր երկրներում: Բեմադրել է Վ.Շեքսպիրի «Օթելլո», Շիլլերի «Ավազակներ», Հ.Իբսենի «Դոկտոր Շտոկման», Լ.Շանթի «Հին աստվածներ» և այլ գործեր, իրականացրել է դասական ռեալիզմի սկզբունքները` դերասանական անսամբլը ներդաշնակելով անհատական ստեղծագործությանը: Ի հայտ է բերել նաև որոնող ռեժիսորի գծեր` ըստ դրամատուրգիական նյութի հակվելով մի դեպքում նատուրալիզմի հասնող հավաստիության, այլ դեպքում` պայմանականության և պոետական ռեալիզմի: Որպես դերասան հետևել է հոգեբանական ռեալիզմի մեթոդին` մասամբ համադրելով ռոմանտիկական և նեոկլասիցիստական ոճերը: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Յագո), «Վենետիկի վաճառականը» (Շայլոկ), Շիլլերի «Ավազակներ» (Ֆրանց), Ֆուլդի «Հիմար» (Յուստուս), Մոլիերի «Ագահը» (Հարպագոն), «Երևակայական հիվանդ» (Արգան), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Խլեստակով), Հ.Իբսենի «Ուրվականներ» (Օսվալդ), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սուրեն), «Եվգինե» (Միհրան), Վ.Փափազյանի «Ժայռ» (Ալեքսանդր) և այլն: 1914-17թթ բեմական գործունեությունը շարունակել է Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի քաղաքներում, 1917-21թթ` Իրանի հայկական գաղութում, 1921-26թթ` դարձյալ ՀյուսիսայինԿովկասում, ապա` Բաքվում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում և այլուր: 1924թ. Մոսկվայում մոտիկից ծանոթացել է Կ.Ստանիսլավսկու և Վ.Նեմիրովիչ-Դանչենկոյի ստեղծագործական աշխատանքին, հետևել թատերական նորագույն երևույթներին, հատկապես` Վ.Մեյերհոլդի փորձերին: Այս շրջանում հիմնականում բեմադրել է սովետական նոր դրամատուրգիայի գործերը` Ե.Չարենցի «Կապկազ թամաշա», Լունաչարսկու «Արքայի սափրիչը», ավելի ուշ` Շչեգլովի «Բուք», Յանովսկու «Ցասում», Լևիտինայի «Դատավճիռ» և այլ պիեսներ: Նրա ամենահետաքրքիր ռեժիսորական փորձը եղել է Ա.Աթայանի «Սասունցի Դավիթ» պիեսի բացօթյա բեմադրությունը Ալեքսանդրապոլի «Կազաչի պոստ» վայրում (1922թ.)` իր տեսակի մեջ ինքնատիպ մի թատերահանդես` 150 դերակատարներով (երգչախմբեր, հեծելախումբ, փողային նվագախումբ և այլն), ի տես բնական ամֆիթատրոնում տեղավորված հազարավոր հանդիսականների: Եղել է Ալեքսանդրապոլի և Սուխումի թատրոնների գլխավոր ռեժիսորը: 1934թ. հիմնադրել է Ալավերդու բանվորական թատրոնը: 1935թ-ից աշխատել է Լենինականի թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն): Բեմադրել է ավելի քան 100 պիես և խաղացել շուրջ 150 դեր: Հեղինակել է բեմական արվեստի տարբեր խնդիրներ շոշափող հոդվածներ, գրել է «60 տարի հայ բեմի վրա» (1954թ.) հուշերի գիրքը, կատարել է թարգմանություններ, զբաղվել ասմունքով: Պարգևատրվել է «Պատվո նշան» և մի շարք այլ շքանշաններով: 1935թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Լենինականում (այժմ` Գյումրի):