Ծնվել է 1967թ. նոյեմբերի 9-ին, Երևանում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Անահիտ Բոգդանյանի դասարանում: Հետագայում ուսումը շարունակել է Կլոդ Ֆրենկի և Վերա Գորնոստաևայի ղեկավարությամբ: 2004թ. հիմնել և ղեկավարում է «Կադանս» անսամբլը: 2004թ. ապրիլին «Կադանս»-ի հետ կատարել է իր առաջին համաշխարհային շրջագայությունը, որի շրջանակներում ելույթ է ունեցել Բուենոս Այրեսի հանրահայտ Teatro Colon դահլիճում: Մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և այլուր: Որպես մենակատար հանդես է եկել Բիրմինգհեմյան սիմֆոնիկ նվագախմբի հետ Սըր Սայմոն Ռեթլի ղեկավարությամբ, Թագավորական ֆիլհարմոնիկ, Շոտլանդիայի թագավորական ազգային, Իռլանդիայի ազգային սիմֆոնիկ, ԱՄՆ-ի ազգային սիմֆոնիկ, Դալլասի սիմֆոնիկ, Յուտայի սիմֆոնիկ, Իսրայելի ֆիլհարմոնիկ և Սլովենիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, ինչպես նաև Յուրի Տեմիրկանովի ղեկավարությամբ Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ ու Վալերի Գերգիևի գլխավորությամբ Ռուսաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Մասնակցել է Ասպենի, Ինթերլոխենի, Սանթանդերի և Բաալբեքի երաժշտական փառատոներին: Իսպանիայում անցկացվող Սանթանդերի փառատոնի ժամանակ Takács Quartet-ի հետ Շոստակովիչի Դաշնամուրի կվինտետի նրա կատարումը անվանակարգվել է որպես փառատոնի լավագույն կամերային երաժշտություն: Ձայնագրություններ է կատարել ASV, Real Sound and Sigmund Classics labels ստուդիաներում: Նրա ելույթները հեռարձակվել են BBC, PBS (ԱՄՆ), ORF (Ավստրիա) և RAI (Իտալիա) հեռուստատեսություններով: Չայկովսկու դաշնամուրային սոնատաների նրա ձայնագրություններին բուռն արձագանքել է եվրոպական մամուլը և մեծապես լուսաբանել դրանք: Կատարել և թողարկել է Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն, որն 2007թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա լավագույն դասական ալբոմ»: Հանդես է եկել նաև որպես մի շարք միջազգային դաշնամուրային մրցույթների, այդ թվում` Գինա Բախաուերի, Ս.Պրոկոֆիևի, Ս.Ռախմանինովի և Մարիա Կալասի անվան դաշնամուրային միջազգային մրցույթների ժյուրիի անդամ: 1999թ. Երևանում հիմնել է «Հայաստանի ժառանգություն» դաշնակահարների համահայկական միջազգային մրցույթը և հանդիսանում է վերջինիս գեղարվեստական ղեկավարը: Բազմաթիվ վարպետության դասեր է անցկացրել Ռուսաստանում, Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Իսլանդիայում և ԱՄՆ-ում: 2009-11թթ մենահամերգներով և համերգներով հանդես է եկել, ինչպես նաև վարպետության դասեր անցկացրել Գերմանիայում, Իտալիայում, Սլովենիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Իսլանդիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում և Ճապոնիայում: Դարձել է մի շարք միջազգային դաշնամուրային ամենահեղինակավոր մրցույթների մրցանակակիր՝ ներառյալ Լիդսի, Դուբլինի, Վեն Քլայբերնի, Ուիլյամ Քեփելի, Գինա Բախաուերի անվան մրցույթների և Համաշխարհային դաշնամուրային մրցույթի: Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որի դաշնամուրային ֆակուլտետի դեկանն է: 2008թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: